Մշակույթ

Հայկական Սուրբ Ծննդյան ծեսի երկու ժամ տևողությամբ ծրագիրը ներկայացվել է Չեխիայում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 13-16-ը Արտաշատի «Տոնացույց» ժողովրդական թատրոնի կոլեկտիվը մասնակցել է Չեխիայում կայացած «Սուզնենի» փառատոնին, որը նվիրված է Սուրբ Ծննդյան ծիսակատարություններին։ Փառատոնի շրջանակներում Չեխիայի տարբեր քաղաքներում կոլեկտիվի բոլոր համերգներն ընդունվել են մեծ ջերմությամբ ու անգամ զարմանքով։ «Ամենուր շեշտվում էր, որ քրիստոնեական աշխարհի հնագույն ավետիսների հայրենիքի՝ Հայաստանի մասին, իրենք, փաստորեն, ոչինչ չգիտենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը։

Չեխական «Սուզնենի», թարգմանաբար՝ «Ներդաշնակություն» փառատոնը հիմնադրել է Հռոմի պապ Հովհաննես երկրորդը՝ 21-րդ դարի մուտքին։ Շարժառիթը Օստրավա քաղաքից Հռոմ տեղափոխված եղևնին էր, որի գեղեցկությունն այնպես էր ցնցել պապին, որ վերջինը որոշել էր Սուրբ Ծննդյան համաշխարհային փառատոն հիմնել այնտեղ , որտեղ ծնվել էր հրաշագեղ եղևնին։ «Սուզնենի» փառատոնին դեկտեմբերի 13-16-ը մասնակցում էր նաև Արտաշատի՝ Պերճ Պռոշյանի թանգարանում գործող «Տոնացույց» ժողովրդական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է Հասմիկ Բաղրամյանը:

Հայկական Սուրբ Ծննդյան ծեսի երկու ժամ տևողությամբ ծրագիրը ներկայացվել է վեց անգամ՝ Չեխիայի տարբեր քաղաքներում։ «Եվրոպացի հանդիսատեսը լսում էր քրիստոնեկան աշխարհի, ըստ էության , առաջին ավետիսներն ու զարմանում, որ դրանց մասին ոչինչ չգիտի։ Բոլոր համերգներից հետո հենց դա էր շեշտվում»,-պատմում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

«21-րդ դարն ուրիշ տեսակի՝ մշակութային պատերազմների դար է։ Մենք պիտի ոչ միայն դիմանանք, այլև հաղթենք այդ պատերազմում »,-ասում է «Տոնացույց» թատրոնի գեղավեստական ղեկավարը։ թատրոնը հիմնվել է 2005 -ին՝ բացառապես մեկ նպատակով ՝ վերականգնել ու ներկայացնել հայոց հնագույն ծեսերը։ Կոլեկտիվն այսօր աջակցության կարիք ունի:

Թողնել պատասխան

Back to top button