ԿարևորՔաղաքական

Արման Մելիքյան.Մեր խնդիրն է` ապահովել, որ ընտրությունները լինեն իրավաչափ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշում կայացնելուց հետո այսօր առաջին անգամ լրագրողներին հանդիպել է ԼՂ ԱԳ նախկին նախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Թեկնածուն շեշտել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն իր համար կանխատեսելի էր եւ դրան ինքը պատրաստվել է: Մելիքյանի խոսքով` մինչեւ վերջ, թեեւ չնչին, սակայն հույս է փայփայել, որ քաղաքական հիմնական ուժերը չեն բոյկոտի նախագահական ընտրությունները` հրաժարվելով քաղաքական պայքարից: Հենց դա հաշվի առնելով էլ Արման Մելիքյանը որոշել էր առաջադրվել: Նա հայտնել է, որ ունի աջակիցներ, որոնց շնորհիվ լուծել է ընտրագրավի հարցը: Հիմա էլ սպասում է հասարակության աջակցությանը, իսկ եթե ֆինանսական աջակցություն էլ չլինի, միեւնույնն է` իր առաջարկած օրակարգը առաջ է տանելու, քանի որ որեւէ մեկը իրական հաղթանակի տանող մարտավարություն չի առաջարկել, իսկ իրենը հենց այդպիսինն է:

Գործող իշխանությանը հիմնական մրցակից համարվող ուժերը հրաժարվեցին պայքարից եւ ընտրապայքարի մեջ մտան մարդիկ, որոնց կարելի է համարել երկրորդ էշելոնի ներկայացուցիչներ` ձեւակերպեց Արման Մելիքյանը: Նա նաեւ հետեւյալ դիտարկումն արեց. «Առաջադրվածներից եւ որեւէ մեկը առայժմ չի առաջարկել ընտրություններում հաղթելու իրական որեւէ սցենար»: Նախագահության թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը բոյկոտի մասին Արման Մելիքյանը համարեց անօգնականության դրսևորում: Թեկնածուն համոզմունք հայտնեց, որ առաջադրված թեկնածուները   հաղթանակի հասնելու շանս չունեն: Արման Մելիքյանը վստահեցրեց, թե ինքը առաջարկում է հենց այն սցենարը, որի միջոցով ժողովուրդը կարող է իշխանություն ձեւավորել: Մելիքյանն առաջարկում է, որ հասարակությունն ինքն իրեն պաշտպանող միջոցներ ձեռնարկի, որպեսզի չունենանք, թեկնածուի ձեւակերպմամբ, քաղաքական մենաշնորհով ու շատ մշուշոտ եւ տխուր ապագայով պետություն:
«Այս է պատճառը, որ ես որոշեցի առաջադրվել ու առաջարկել այդ նոր օրակարգն ու նախընտրական նոր մարտավարությունը»:

Պարզաբանելով իր առաջարկած նոր մարտավարությունն ու օրակարգը` Արման Մելիքյանը նշեց, թե իրենք հրաժարվում են իշխանություններին ինչ-որ բան ապացուցելու սովորույթից:  «Մեր խնդիրն է` ապահովել, որ ընտրությունները լինեն իրավաչափ եւ դրա համար մտածված է բավական յուրօրինակ մեխանիզմ»:

Թեկնածուն ստորագրեց ԿԸՀ նախագահին ուղված մի նամակ, որով առաջարկվում է, որ վերջինս աջակցի Հայաստանից հեռացածների, Հայաստանի քաղաքացիություն ստացած, սակայն Հայաստանում չբնաակվողների տվյալների հրապարակմանը, ինչպես նաեւ, թե քանի հոգի է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Սա առաջին քայլն է: Արման Մելիքյանը տեղեկացրեց, որ արդեն գործարկվել է ֆեյսբուքյան էջը, որի միջոցով արտերկրում բնակվող քաղաքացիները կնշեն, որ իրենք չեն բնակվում Հայաստանում եւ չեն մասնակվելու ընտրություններին:

Դա մարտահրավեր չէ, այլ` համագործակցության առաջարկություն իշխանություններին` հավելեց նախագահության թեկնածուն: Նրա խոսքով` այսուհետ պետք է ոչ թե հասարակությունը, այլ` իշխանություններն ապացուցեն օրենքի տառին հետեւելու իրենց պատրաստակամությունը:
«Եթե հրաժարվեն հրապարակել նման տվյալներ, մենք պարզապես կիջեցնենք նրանց ռեյտինգը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի ընտրողների 35-40 տոկոսը Հայաստանում չեն եւ այդ պատճառով չեն մասնակցելու ընտրություններին. Այդ թիվը մենք կնվազեցնենք իրենց գրանցած տվյալներից:

Միաժամանակ` Արման Մելիքյանն ասաց, որ եթե պահանջված տվյալների հրապարակումը կարող է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգ հանդիսանալ, ապա պատրաստ է այդ հարցում կոնսենսուսի գնալ իշխանությունների հետ: Նախագահության թեկնածուն փոխանցեց, որ այս անգամ լինելու են վստահված անձինք տարբեր կուսակցություններից` անբասիր անցյալ ունեցողներ, որոնք չեն ներկայացնելու իրեն, այլ` խնդիր են ունենալու վերականգնել արդարության մասին տարրական պատկերացումները, որ այդ արդարությունը իրագործելի լինի: Նախագահության թեկնածուն այդ առումով համագործակցության հրավիրեց նաեւ արտախորհրդարանական բոլոր ուժերին: Մելիքյանի փոխանցմամբ` որդեգրված մարտավարությունն ամբողջական կհրապարակի մինչեւ այս շաբաթվա վերջը:

Նախագահության թեկնածուն շեշտեց` իր ցանկությունն է, որ ՀՀ իշխանությունը  քաղաքացիների կողմից իսկապես լիազորված լինի իր փոխարեն որոշելու:
Մելիքյանը համոզված է, որ եթե իրավաչափ ընտրությունների համար ստեղծվեն  բոլոր  պայմանները, ապա` ինքը կընտրվի: Ասաց, թե այդ դեպքում հստակորեն գիտե, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանում իրավիճակը փոխվի:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button