Քաղաքական

Իվանիշվիլիի այցը Հայասատնի ներքին գործին միջամտելու փորձ է, ասում է նախագահի թեկնածուն

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ի՞նչ լուրջ շտապ հարցեր են ծագել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որ Վրաստանի վարչապետը որոշել է այցելել Հայաստան. հարցն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրել էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը ճանաչելու է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը` Սեդրակյանը վրաց բարձրաստիճան պաշտոնյայի այցը մեր երկիր պայմանավորել է հենց իր այդ հայտարարությամբ, ինչի համար էլ, նրա խոսքով, Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան` Սերժ Սարգսյանին աջակցություն հայտնելու:

Այս այցը նա գնահատում է Հայաստանի ներքին կյանքին կոպտորեն միջամտելու փորձ։
Եթե կան այլ երկրների ղեկավարներ, որոնք պատրաստվում են նախընտրական շրջանում այցելել Հայաստան, պետք է նույնպես իրենց այցերը հետաձգեն մինչեւ փետրվարի 19-ը, հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

Երեք նախագահների մոտեցումները իր դիրքորոշումների հետ տարբեր են։ Ինչպես է պատրաստվում Սեդրակյանն իր ընտրվելու դեպքում երեք նախագահներին համախմբել որպես իր խորհրդականներ: Հարցի պատասխանից էլ պարզվեց` Սեդրակյանը երեք նախագահներին իր խորհրդական է դարձնելու ստիպված։ Խնդիրը բոլորի հնարավորությունները համատեղելով հարցեր լուծելու մեջ է, իսկ այստեղ արդեն անձնական համակրանքներն ու հակակրանքները երկրորդական են, պարզաբանեց թեկնածուն:

Ընտրվելու դեպքում արտաքին քաղաքականության մեջ իր առաջնային քայլերը ներկայացնելով Վարդան Սեդրակյանը նաեւ ասաց, թե արտգործնախարարի նախընտրելի թեկնածու չունի եւ այդ հարցը նույնպես, ինչպես ավելի վաղ էր ասել  կառավարության պարագայում, թողնելու է արդար ընտրություններով ընտրված նոր խորհրդարանի կողմից ձեւավորած կառավարության հայեցողությանը:
Այս կերպ նա կարծում է կհաջողի իրականացնել իր հիմնական նպատակը` Հայաստանում ձեւավորել, թեկնածուի ձեւակերպմամբ, իրար հակակշռող երկու հզոր ինստիտուտներ` նախագահականն ու խորհրդարանականը:

Այս ամենի մասին Վարդան Սեդրակյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում կներկայացնի բոլոր մարզերում, որտեղ կայցելի: Ասաց, սակայն, որ  հանրահավաքներ չի անցկացնի, քանի որ դրանք անարդյունավետ են, եղանակն էլ ցուրտ է, իմաստ չունի այդ ցրտին մարդկանց հանել փողոց, իսկ հիմանական քարոզարշավը կանցկացնի հեռուստատեսությամբ:
Հարցին, թե ինչու գյուղացու ձեռքը չսեղմել` Սեդրակյանն ասաց, որ այդ հարցում կան մասնագիտացված այլ թեկնածուներ եւ չի ցանկանում ուրիշին կրկնել: Նշենք, որ Վարդան Սեդրակյանի համար անընդունելի են նաեւ «եթե չընտրվի, ապա ինչով կզբաղվի» ձեւակերպմամբ հարցերը։
«Եթեներ չկան: Տեզերքում ամեն ինչ կողմնորոշված է»,-եզրափակեց նախագահի թեկնածուն:

Թողնել պատասխան

Back to top button