ԿարևորՔաղաքական

Ընտրություններում մնաց 8 թեկնածու

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 18- ի ընտրություններին նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել և քննարկել առաջադրված թեկնածուների գրանցման հարցը: Հանձնաժողովը  որպես նախագահի թեկնածու գրանցել է առաջադրման հայտ ներկայացրած 15 գործիչներից 8-ին, 6 թեկնածուի  գրանցումը մերժել է և ընդունել մեկի ինքնաբացարկը:

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Ռոբերտ Ահարոնյանը ԿԸՀ էր դիմել՝ առաջարկելով  չքննարկել իր ինքնաառաջադրման մասին դիմումը, քանի որ ինքնաբացարկ է հայտնում:  ԿԸՀ-ն, հաշվի առնելով Ռ.Ահարոնյանի խնդրանքը,  կարճեց նրա դիմումի վարույթը:

Թերի փաստաթղթեր ներկայացրած Տարոն Աբրահամյանի, Նարինե Մկրտչյանի, Ռուբեն Այվազյանի, Մհեր Հայրապետյանի, Պավլիկ Սարգսյանի, Ռոբերտ Սիմոնյանի գրանցումը որպես նախագահի թեկնածու ԿԸՀ-ն մերժեց միաձայն որոշումներով: Հիշեցնենք, նրանք չէին ներկայացրել 8 մլն դրամ ընտրական գրավի վճարման մասին անդորրագրերը:

Իսկ 8 հավակնորդներին որպես նախագահի թեկնածու գրանցելու որոշումները ընդունվեցին  առանց  քվեարկության, քանի որ ԿԸՀ անդամներից որևէ մեկը առարկություն չուներ:

Գրանցված թեկնածուներ են  ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ  Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և  քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Թողնել պատասխան

Back to top button