ԿարևորՔաղաքական

Այսօր լրանում է Բաքվի կոտորածների 23- րդ տարելիցը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հունվարի 13-ին լրացավ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված հայկական ջարդերի հերթական տարելիցը: 1990-ի դեպքերի մեղավորները մինչեւ օրս էլ անպատիժ են, մինչ օրս անհայտ է նաև զոհերի իրական թիվը։ Ակնհայտ է միայն, որ այդ թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։
Նշենք, որ Հայաստանի միգրացիոն գործակալության ու ՄԱԿ-ի տվյալներով՝ Ադրբեջանից Հայաստան է ներգաղթել մոտ 418 հազար հայ։ Նրանցից 300 հազարն այս պահին էլ ապրում է Հայաստանում և կազմում է մեր երկրի բնակչության ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը։
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ արցախյան պատերազմը ոչ միայն անկախաւոթյան ու ազատության համար մղվող պայքար էր , այլև պայքար, որը որոշելու էր մեր լինել-չլինելու հարցը։
«Եթե Արցախը չկանգներ ու զենքը ձեռքին չպաշտպանվեր՝ կարժանանար մեր՝ ադրբեջանահայերիս ճակատագրին»,- ասում է Այվազյանը։
Նրա ձևակերպմամբ՝ ադրբեջանահայության հանդեպ իրականցված ցեղասպանության միջազգայնացումը բխում է ողջ հայության, մասնավորապես՝ արցախյան հակամարտության արդարացի լուծման շահերից։

Ըստ Գրիգորի Այվազյանի՝ ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկված ադրբեջանահայերի իրավունքների պաշտպանության ոլորտում ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ չնայած Բաքվի համառ ջանքերին մեզ այնուամենայնիվ հաջողվեց վերակենդանացնել ադրբեջանահայության խնդիրն ու ներգրավել այն բանակցային գործընթացներում։
Չմոռանանք, որ տևական ժամանաակ շրջանառության մեջ էր միայն ադրբեջանցի փախստականների խնդիրը, այն էլ հսկայական խեղաթյուրումներով, ասում է Այվազյանը։

Ադրբեջանահայերի իրավունքների պաշտպանության ու միջազգայնացման խնդիրը, ըստ նրա, ուղղակիորեն առնչվում է արցախյան հիմնահարցի լուծման խնդրին, այնպես որ՝ այս հարցը ստվերում թողնելը, նրա համոզմամբ, էապես կվնասի բանակցային ողջ գործընթացին։

Թողնել պատասխան

Back to top button