ԿարևորՔաղաքական

Միասնական ինքնաբացարկի կոչը թեկնածուները չեն պաշտպանում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Արդեն հայտնի է, որ  փետրվարի 18- ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 15 գործիչներից միայն 8-ը կշարունակեն հետագա  պայքարը:  Սա  այս պահին պոտենցիալ թեկնածուների  առավելագույն քանակն է, քանի որ չի բացառվում , որ հունվարի 14-ին, երբ ԿԸՀ-ն համապատսախան որոշում կայացնի թեկնածուներին գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին, հավակնորդների թիվը փոփոխվի:  Երեկ պոտենցիալ թեկնածուներից Անդերաս Ղուկասյանը նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած գործիչներին դիմել էր միասնական ինքանբացարկ հայտարարելու  կոչով։

«Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար, այսպես կոչված, երկրորդ տեղի համար»,- իր կոչն այսպես էր հիմնավորել  քաղաքագետը: Թեկնածուների մի մասը տարբեր ձևակերպումներով, բայց նույն բովանդակությամբ  արձագանքեց կոչին:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը բոյկոտի մասնակիցներից նախավերջինը կլինի, այն էլ միայն մեկ դեպքում. այն ժամանակ, երբ արտակարգ իրավիճակ ստեղծվի և ապացուցվի, որ ընտրություններին մասնակցելն անիմաստ է:

Հավակնորդներից մյուսը՝  «Ազգայաին համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը համաձայն է գաղափարի հետ, բայց՝ ոչ ժակետների:

«Գաղափարին կողմ եմ, բայց կարծում եմ, որ ոչ թե այդ բոյկոտը պետք է հունվարի 15-ին անել, այլ ընտրություններից, ասենք, 10 օր առաջ: Քարոզարշավը պետք է օգտագործել, հակառակ դեպքում՝ էլ իմաստը ո՞րն էր առաջադրման»:

Իսկ իմաստ կոնկրետ Արամ Հարությունյանի առաջադրումն ունի: «Ռադիոլուրի» հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդն այն դիտարկմանը, թե ընտրությունից ընտրություն է ակտիվանում, իսկ միջանկայլ ժամանակահատվածներում քաղաքական գործունեություն առանձնապես չի ծավալում, կտրականապես համաձայն չէր. ակտիվ եղել եմ, պարզապես այդ ակտիվությունը չի լուսաբանվել, ասաց:

«Ես միշտ ակտիվ եմ եղել, բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ դիրքորոշում եմ հայտնել։ Այլ հարց է, որ լրատվամիջոցները դա չեն լուսաբանել ու մատուցել»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի դիրքրոշումը նրա լիազոր ներկայացուցիչ, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից ճշտեցինք: Ըստ նրա ՝ քայլի օգտակար գործողությոան գործակիցը չնչին է լինելու կամ ընդհանրապես չի լինելու:

«Դա մեծ հաշվով ոչինչ չի տալու ընդդիմությանը, հասարակությանը, որովհետև իշխանության թեկնածուին մենակ թողնելով ընդամենը 1 հարց է լուծվելու. առանց որևէ խնդրի ընտրվելու է: Բացի  այդ՝ արտաքին քաղաքական ուժերը չեն ընդունի  չմասնակցելը»։
Իսկ եթե խոսքը միասնական քաղաքական բոյկոտի մասին է, ապա «Ժառանգության» փոխնախագահի կարծիքով, այն պետք է քննարկվեր շատ ավելի վաղ և պետք է լիներ միասնական, քանի որ մասնակի բոյկոտը արդյուանվետ լինել չի կարող:

«Որպես թեկնածու դեռ գրանցված չեմ և նախագահական ընտրություններին վերաբերող հարցերի վերաբերյալ մեկնաբանություն կտամ միայն հունվարի 14-ից հետո, բոյկոտի վերաբերյալ մեր  հարցին այսպես արձագանքեց ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահական ընտրությունների առաջադրվելու հայտ ներկայացրած Արման Մելիքյանը:
Ի՞նչն է խանգարում դիրքորոշում հայտնել: «Էթիկան: Ես դեռևս նախագահի թեկնածու չեմ, հայտ եմ ներկայացրել։ Երբ կգրանցվեմ որպես թեկնածու, այն ժամանակ միայն ինձ իրավունք կվերապահեմ ներկայացնել ծրագրերս ու մոտեցումներս»:

Ինչպես հայտնի էր,  առաջադրման փաստաթղթեր էր ներկայացրել 15 քաղաքացի: Դրանք ուսումնասիրելով ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 8 քաղաքացիների լրացուցիչ ժամանակ ՝ 48 ժամ էր տրամադրել թերի փաստաթղթերն ամբողջացնելու, մասնավորապես՝ ընտրագրավի վճարման անդորրագիրը ներկայացնելու համար:
Սահմանված ժամանակը լրացավ և այդ ընթացքում վճարում արեց ութից միայն մեկը՝ «Ազգային համաձայնություն» կուսակացության առաջնորդ Արամ Հարությունյնաը:
Այս պահին հայտնի է, որ նախագահի պաշտոնի համար պայքարողների թիվը 8-ն է: Նրանք են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանը, ԱԻՄ առաջնրոդ Պարույր Հայրիկայնը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Պաշտոնապես հանձնաժողովը ժամանակ ունի մինչև հունվարի 14-ը և հենց այդ օրը կայանալիք նիստի ընթացքում կկայացնի համապատասխան որոշում ՝ դիմած քաղաքացիներին որպես նախագահի թեկնածու գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին:

Թողնել պատասխան

Back to top button