ԿարևորՔաղաքական

Մինչեւ փետրվարի 4- ը պետք է հավաքել 25 հազար ստորագրություն

 Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական կայքէջում շարունակվում է հայ-թուրքական սահմանը սիրիահայերի համար բացելու կոչով  ստորագրահավաքը:  Նախաձեռնության հեղինակը Դանիել Իոաննիսյանն է: Նա «Ժառանգություն» կուսակցության անդամ է, բայց  սա իր անհատական նախաձեռնությունն է: Արդեն հավաքվել է 534 ստորագրություն:

Ստորագրությանը կարող եք միանալ այստեղ

 

«Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները, անկախ ազգության և քաղաքացիության: Վերջնաժամկետը փետրվարի 4-ն է»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Դանիել Իոաննիսյանը: Նա կարևորել է իր նախաձեռնությունը, քանի որ հայ-թուրքական բաց սահմանով սիրիահայերը կարող են արագ ու հեշտությամբ Հայաստան տեղափոխվել:
Օդային ճանապարհով Հայաստան գալը դժվար է, քանի որ թռիչքներ իրականացնում են միայն սիրիական ավիաուղիները` սահմանափակ քանակությամբ տոմսերով, իսկ ցամաքային ճանապարհը երկար է ու դժվար, քանի որ ստիպված են անցնել Թուրքիայի, Վրաստանի տարածքով:
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցկատեի բացման դպեքում Հալեպից Երևան հանարավոր կլինի հասնել 8-10 ժամում, ասում է սահմանի բացման կոչով ստորագրահավաքի հեղինակ Դանիել Իոաննիսյանը:

Եթե 30 օրվա ընթացքում հավաքվում է 25 հազար ստորագրություն, նախաձեռնությանը պարտադիր ընթացք է տրվում:  Բայց կան նախադեպեր, երբ նախաձեռնություններն արձագանք են գտել նույնիսկ մի քանի հարյուր ստորագրության դեպքում:

Ստորագրահավքին կարող են միանալ ոչ միայն սիրիահայերը, այլև ցանկացած ազգության ու երկրի քաղաքացի: Նախաձեռնության հեղինակը ոչ այնքան ակտիվ մասնակցությունը բացատրում է ստորագրահավաքի տեխնիկական բարդություններով, իսկ սիրիահայերի պասիվությունը Սիրիայում ինտերնետի բացակայությամբ է պայմանավորում:

Նախաձեռնությունը բավականին լայն արձագանք է գտել Թուրքիայում, ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ինքն անձամբ բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստացել, որոնց միջոցով փորձ է արվել ճշտել`  որքան մարդ է Հայաստան գալու ցանկություն հայտնել:
Թեման առանց մեկնաբանությունների, տեղեկատվության տեսքով տեղ է գտել թուրքական մամուլում, առաջիններից արձագանքել են «Միլիեթն» ու «Հաբերթյուրքը»:
Արտակ Շաքարյանը կարծում է, որ խորքային արձագանք կլինի ավելի ուշ:  Ինքը` թուրքագետը, նախաձեռնությունը հետաքրքիր, միաժամանակ վտանգավոր է համարում:
Հետաքրքիրն այն է, որ մենք ոչ թե արձագանքողի, այլ նախաձեռնողի դիրքերից ենք հանդես գալիս: Այն հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ միջազգային ասպարեզում խոսել հայ-թուրքական խնդիրների մասին, որոնք միայն Ցեղասպանության ճանաչումով չեն սահմանափակվում: Բայց նախաձեռնությունը թուրքագետի մոտ նաև մի շարք հարցեր է առաջացնում` արդյո՞ք Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը նույնիսկ այս սահմանափակ ենթատեքստով, արդյո՞ք մեր միգրացիոն ծառայությունները պատրաստ են ընդունել  փախստականների, որոնց թվում սիրիահայերից բացի կարող են լինել արաբներ:
Նախաձեռնության հեղինակը իշխանությունների հետ հարցը չի քննարկել, ասում է, որ նշված ռիսկերին  ուղղակի պետք է դիմագրավել:
Ինչ վերաբերում է արաբ փախստականներին, ապա, նրա կարծիքով, Հայաստանը նրանց համար այնքան էլ գրավիչ երկիրը չէ, թեկուզ  հենց լեզվական խնդիրների պատճառով: Նա համոզված է, որ իր նախաձեռնությունը օգուտ կբերի երկրին, եթե այն մեր դիվանագիտությունը ճիշտ օգտագործի:

Թողնել պատասխան

Back to top button