Քաղաքական

Հայրիկյանն ընտրությունները չի բոյկոտի

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Որպես հասարակական կարծիքի ուսումնասիրման մասնագետ Ահարոն Ադիբեկյանը պետք է, որ տեղյակ լիներ՝ քաղաքական գործիչների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելիս օպտիմալ է համարվում, երբ հարցման է ենթարկվում 2000-ից ավելի մարդ, իսկ Ադիբեկյյանը հաճախ հայտարարում է, որ հարցման է ենթարկվել հազար մարդ։ Դա արդեն հակագիտական է»,-  հայտարարեց նախագահի առաջադրված թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Ադիբեկյանի օրերս հրապարակ հարցման արդյունքների մասին։

«Երբ հայտարարվում է, որ թեկնածուն ունի 70 տոկոս ձայն, դա ծանր հարված է ոչ միայն տվյալ թեկնածուին, այլև տվյալ երկրի վարկանիշին»,- ասում է Հայրիկյանն ու հավելում, որ Ադրիբեկյանը պարզապես արջի ծառայություն է մատուցում իշխանություններին՝ դրանով իսկ հարված հասցնելով պետության հեղինակությանը։
Անձամբ իր վերաբերյալ սոցիոլոգի հրապարակած տվյալներից Հայրիկյանը դժգոհ չէ։ «Երկու շաբաթ առաջ նրա հարցումներում ես ընդհանրապես գոյություն չունեի, հետո սկսեց պարզապես անունս տալ, իսկ հիմա արդեն խոսում է որոշակի տոկոսներից։ Ստացվում է, որ ես ու Ադիբեկյանը միասին առաջադիմում ենք»,- նկատում է Հայրիկյանը։

Նախագահի մեկ այլ թեկնածու Անդրեաս Ղուկասյանի ընտրությունները բոյկոտելու կոչին ի պատասխան, Հայրիկյանը նշեց, որ բոյկոտով կաջակցեն ամենաբարձր տոկոսներ ունեցող թեկնածուին։ Հայրիկյանը կլինի թեկնածուներից նախավերջինը, որը կմիանա բոյկոտին։

Ըստ նրա՝ իշխանության համար պայքարելը քաղաքական գործչի համար ամոթալի բան չէ։ Ընդհակառակը՝ օրինաչափ է։ Անընդունելի է , երբ իշխանությունը ծառայում է զուտ իշխանություն ունենալու նպատակին։ Իշխանության ձգտման Հայրիկյանի միակ նպատակը ռազմավարական է՝ Հայաստանում հաստատել կատարյալ ժողովրդավարություն։

 

Թողնել պատասխան

Back to top button