ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ դիտորդներին հետաքրքրում է գործընթացը, ոչ թե՝ արդյունքը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում է առաջիկա նախագահական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական խումբը` Հայդի Թալիավինիի գլխավորությամբ:
Նշենք, որ առաքելության հիմնական կազմը ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 11 երկրի 13 մասնագետ ու վերլուծաբան: Ասենք նաեւ, որ երկարաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն արդեն առաջիկա երկուշաբթի` հունվարի 14-ին:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական խմբի անդամներն արդեն մեր երկրում որոշակի հանդիպումներ ունեցել են պետական մարմինների հետ: Հայդի Թալիավինին ասաց, որ պաշտոնյանների հետ հանդիպումների ժամանակ իրենց վստահեցրել են, որ կտրամադրվի լիածավալ համագործակցություն:
Դեսպանի խոսքով` հանդիպումներ կունենան նաեւ ընտրական գործընթացին մասնակից բոլոր կողմերի հետ, նաեւ նրանց հետ, ովքեր հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին:
Այդ հանդիպումներից հետո միայն իրենք ամբողջական կարծիք կկազմեն գործընթացների վերաբերյալ եւ այն կներկայացնեն երկու միջանկյալ զեկույցներով։
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է գնահատի Հայաստանում նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին եւ տեղական օրենսդրությանը», — ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը:

Փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունները կլինեն 9-րդը, որ Հայաստանում կդիդարկի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:

Դեսպանի փոխանցմամբ` փորձագետների ուշադրության կենտրոնում են լինելու նախընտրական քարոզչությանը, ընտրական հանձնաժողովների եւ պետական պատկան կառույցների աշխատանքը, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտն ու ընտրական վեճերի հանգուցալուծման գործընթացը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Թալիավինին տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները վերահսկելու են ԺՀՄԻԳ-ի 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ։
Նրա փոխանցմամբ` երկարաժամկետ դիտորդները մինչեւ փետրվարի 25-ը աշխատելու են Հայաստանի ողջ տարածքում, իսկ կարճաժամկետ դիտորդները կժամանեն փետրվարի 15-ին եւ կվերահսկեն ընտրական ողջ գործընթացը` ընտրատեղամասերի բացումից մինչեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմումը: Կարճաժամկետ դիտորդները դիտորդական առաքելությունը կավարտեն փետրվարի 21-ին: Հիմնական կազմը, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Թալիավինիի փոխանցմամբ, մինչեւ փետրվարի 28-ը կմնա Հայաստանում, իսկ եթե 2-րդ փուլ լինի, ապա` առաքելությունը կշարունակի դիտարկումը մինչեւ գործընթացի ամբողջական ավարտը։

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարն ասաց, որ Հայաստանի իշխանությունների կողմից ժամանակին են հրավեր ստացել, ինչը եւ հնարավորություն է տալու դիտարկել նաեւ նախընտրական գործընթացները եւ ամբողջական պատկերացում կազմել ընտրական ողջ գործընթացի վերաբերյալ, ինչը համապատասխանում է իրենց ստանդարտ պրակտիկային:
«Մենք այստեղ ենք գտնվում` դիտելու եւ գոյություն ունեցող չափանիշերով գնահատելու ընտրությունները, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացնելու, թե ինչը կարելի է բարելավել»,- շեշտեց առաքելության ղեկավարը` վստահեցնելով, որ լինելու են անաչառ ու գնահատելու են բացառապես փաստերն ու միայն փաստերը:
«Մեզ հետաքրքրում է գործընթացը, այլ ոչ թե ընտրությունների արդյունքը»,- ասաց ԵԱՀԿ դեսպանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հայաստանի իշխանություններին ներկայացրած առաջարկներին` դիտորդական առաքեկության ղեկավարը նշեց, որ առաջիկա ընտրություններից հետո ընտրական գործընթացների հետ կապված քննարկումներ ձեռնարկելը իրենք ողջամիտ են համարում` ներգրավելով բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի եւ իշխանությունների ներկայացուցիչներին:

Ի պատասխան հարցի, թե որքանով են Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները հույս ներշնչում, որ նախագահական ընտրություններն ավելի լավը կլինեն` Հայդի Թալիավինին նախ շեշտեց, որ իրենք որպես օրենք ընտրությունները միմյանց հետ չեն համեմատում, ապա հավելեց, որ, այդուհանդերձ, իրենք հույս ունեն, որ դիտարկվելիք ընթացիք ընտրությունները լինելու են լավագույնը:

Թողնել պատասխան

Back to top button