Քաղաքական

Առաջադրված թեկնածուները բողոքում են ընտրագրավից

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 18-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների թափ առնող արշավը արդեն իսկ ձեռք է բերել որոշակի սկանդալային երանգներ: Նախագահի պաշտոնին առաջադրված շատ թեկնածուներ, դժգոհելով 8 մլն դրամ ընտրագրավ մուծելու  անհրաժեշտությունից, փորձում են քայլեր ձեռնարկել` այն չեղյալ հայտարարելու ուղղությամբ:
Ըստ ընթացող զարգացումների՝ առաջադրված նախագահացուների կեսը, զգալով ընտրագրավի գումարի կորցնելու իրենց դեպքում ավելի քան հավանական վտանգը, սկսել են բարձրաձայնել այս ընթացակարգի հակաօրինականության մասին:

Այսպես՝ «Քաշաթաղ» հկ ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը մեղադրում է ընտրագրավի կիրառման համար Ընտրական օրենգիրքը ընդունած Ազգային ժողովին և ընտրությունների անցկացումը համակարգող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։

Սիմոնյանը պնդում է, որ Սահմանմադրությունը խախտված է և խախտողները պետք է պատժվեն օրենքի խստությամբ ` 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ: Բացի Հիմնական օրենքից ընտրագրավը հակասում է և միջազգային որոշ փաստաթղթերին, որոնց միացել է մեր երկիրը:
Առաջադրված նախագահացուն հայտնեց, որ դիմել է թե Սահմանադրական, թե Վարչական դատարան, թե դատախազություն, սակայն նրա դիմումներին ընթացք չի տրվել:
Ըստ այսօր հնչեցված մեղադրանքների՝ Ռոբերտ Սիմոնյանը երկրում ստեղծված իրավիճակի համար մեղավոր է ճանաչում գործող և նախորդ նախագահներին, պաշտոնյաներին և լրատվամիջոցներին:
Մեկ այլ նախագահի առաջադրված թեկնածու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը ևս չի մուծել ընտրագրավը: Ըստ նրա՝ պատճառը կուսակցական ընկերների հորդորն էր՝ չմասնակցել ընտրություններին, այլ ոչ թե գումարը, որի հնարավորությունը ունի:
Այնուամենայնիվ՝ իրավաբանը նկատեց, որ ընտրագրավը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ դրա գումարի ապահովմանը անհնար է հասնել արդար  ճանապարհով:

Այվազյանը ընդգծեց, որ դա իր սեփական դիտարկումն է և որևէ կերպ չի առչնվում ԲՀԿ-ի դիրքորոշմանը գալիք ընտրությունների շուրջ:
Ինչևիցե՝ սեփական ընտրագրավի մասին խոսելիս՝ փաստաբանը խոստովանեց, որ այն չի հավաքել տարիներով, այլ` 1 օրում։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button