Քաղաքական

Այսօր Արթուր Բաղդասարյան դառնալը բավականին բարդ է, ասում է ԱԱԽ քարտուղարը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ամփոփել է 2012 թվականի ձեռքբերումներն ու խոսել այս տարվա ընթացքում նախատեսված ծրագրերի մասին: Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ 2012 թվականը Ազգային անվտանգության հարցերում լարված տարի էր։
ՀԱՊԿ շրջանախներում խոշոր զորավարժություններ տեղի ունեցան Հայաստանում, որին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ պետությունների 2000 զինծառայողներ, 500 զինտեխնիկա, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր:
Հայաստան-ԵՄ հարաբերություններում առաջընթաց գրանցվեց, դյուրացվեց մուտքի արտոնագրային ռեժիմը ՀՀ 16 խումբ քաղաքացիների համար, վիզայի համար վճարվող 60 եվրոյի փոխարեն, այսուհետ կվճարվի 35 եվրո, հիշեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ ավելացնելով նաև, որ «Արևելյան գործընկերության» շրջանակներում Ջի Էս Փի + համակարգով նախատեսվում է 3300 ապրանքապեսակ արտահանել առանց մաքսավճարի, ինչը ևս մեկ առաջընթաց է:
Մինչև այս տարվա վերջ քաղաքական ասոցացման պայմանագիր կստորագրվի ԵՄ հետ ներկայացրեց Արթուր Բաղդասարյանը:

«Այլընտրանքային պատիժ սահմանելու նպատակով այս տարի կկիրառվի  պրոբային ծառայությունը, ինչի ադյունքում ուղղիչ աշխատանքային գաղութները կբեռնաթափվեն»,- ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Իսկ եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանն արդյո՞ք երկընտրանքի առաջ չի հայտնվի Եվրասիակայն միության գոյության պայմաններում: Արթուր Բաղդասարյանն այս հարցը Հայաստանի համար տեղի չհամարեց և ասաց թե  չպետք է հակասություններ փնտրել։

Որպես Հանրապետականի հետ կոալիցիոն գործընկերներ անվտանգության խորհրդի քարտուղարը տեղյա՞կ է արդյոք, թե ինչ զրույց է տեղի ունեցել ՀՀ նախագահի ու ԲՀԿ առաջնորդի միջև նախագահական ընտրություններից առաջ, ինչի արդյունքում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, հարցրեցին լրագրողները:

«Այո, տեղյակ եմ, բայց զրույցը հրապարակելը տեղին չեմ համարում»:

Այսօր շատերը որոշ քաղաքական դեմքերի մասին խոսելիս ասում են, թե նա կդառնա Արթուր Բաղդասարյան, նկատի ունենալով նախկինում հանրության նրան վստահված քվեներն ու հեղինակությունը և այսօրվա կարգավիճակը:
«Այսօր Արթուր Բաղդասարյան դառնալը բավականին բարդ է։ Ես ՀՀ 4-րդ պաշտոնյան եմ»,- ասաց նա։

Սակայն նախկինում ԱԺ-ի նախագահն էիք ու բնականաբար ՀՀ 2- րդ պաշտոնյան, հիշեցրեցին լրագրողները:
Իսկ նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ն ընդամենը 6 մանդատ կարողացավ ձեռք բերել, չնայած նախորդ գումարման ԱԺ-ում ուներ 8 տեղ ու նաև հույսեր, որ ձայները կրկնապատկելու և եռապատկելու է:

«Բազմաթիվ գործոններով է պայմանավորված, որ քիչ ձայներ հավաքեցինք»,- նկատեց ԱԱԽ քարտուղարը։

Այս խոսքերից հետո նա չմոռացավ նշել, որ գնահատում է Սերժ Սարգսյանի՝ հիշաչարությունը քաղաքական կատեգորիա  չդարձնելու մոտեցումը:
Ինքս էլ հիշաչար չեմ, շատերը հեռացան ՕԵԿ-ից, բայց ես նրանցից չեմ նեղացել, ասաց Արթուր Բաղդասարյանը:

 

Թողնել պատասխան

Back to top button