Հասարակություն

Քաղաքացին ընդդեմ պրոֆեսոր Օկոեւի. նա չի հավատում հայ փորձագետներին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Այսօր աղմկահարույց հայտարարություններով եւ իրավապահ մարմիններին ու առողջապահության ոլորտի մասնագետներին ուղղված մեղադրանքներով է հանդես եկել քաղաքացի Կարապետ Կարապետյանը:
Կարապետյանի կինը` Նունե Մաղաքյանը, դեռ 4 տարի առաջ վիրահատվել է ձվարանի կիստայի հեռացման ցուցումով, սակայն վիրահատությունը մի շարք անդառնալի հետեւանքներ է ունեցել կնոջ առողջության համար:
Կարապետյանն իր կնոջը 2-րդ կարգի հաշմանդամ դարձնելու առաջին եւ հիմնական մեղավոր է համարում պրոֆեսոր Գեորգի Օկոեւին:
Պրոֆեսոր Օկոեւի գլխավորությամբ բժիշկները ձվարանի կիստայի հեռացման ժամանակ հեռացրել են կնոջ արգանդը, փողերը, ձվարանները` պատճառաբանելով, որ կյանքի հետ անհամատեղելի խնդիր է, իսկ միզածորանն էլ կարել են, ապա մեկ այլ վիրահատությամբ հեռացրել երիկամը:
Մինչդեռ` Կարապետ Կարապետյանը, չվստահելով հայաստանյան փորձագիտական կենտրոնների փորձաքննության արդյունքներին, ծախսելով մեծ գումարներ, գերմանացի մասնագետներից պարզել է, որ հայ բժիշկների ցուցումը ճիշտ չէր եւ  կնոջ օրգանները հնարավոր էր եւ պահպանել:
Վիրահատությունից հետո տուժածների դիմումով Կենտրոնի քննչական բաժնում հաջորդաբար հարուցվել են քրեական գործեր, սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տուժողի ամուսինը, մինչ օրս եւ ոչ մի մեղադրանք չի էլ առաջադրվել։
Ստեղծված իրավիճակի առաջին եւ ամենամեծ մեղավոր նա համարում է  պրոֆեսոր Գեորգի Օկոեւին: Կինը հետազոտվել է «Էրեբունի» հիվանդանոցում, իսկ ընկերների խորհրդով՝ վիրահատվել Մարգարյանի հիվանդանոցում:
Կարապետ Կարապետյանը հայտարարեց, որ չի հավատում մեր երկրի փորձագետներին, Հայաստանը փոքր է, եւ բոլոր բժիշկներն իրար հետ մտերիմ են: Այս գործով կազմված հանձնաժողովում բոլորը Օկոեւի կոլեգաներն են, դրա համար էլ, նրա համոզմամբ, մեկը մյուսի սխալը ջրի երես չի հանում:
Կարապետյանը նաեւ պատմեց, որ «Մարգարյանի» տնօրինությունը լռելու եւ աղմուկ չբարձրացնելու դիմաց Կարապետյանների վիրահատությունը ձեւակերպել է պետպատվերով, մինչդեռ տուժողի ամուսնու խոսքով, իրենց վիրահատության անվճար ուղեգիր ամենեւին էլ չի հասել:
Փոխարենը՝ ձվարանների կիստայի հեռացման 1 վիրահատության փոխարեն ենթարկվել է 5 տարբեր վիրահատությունների: Ընդ որում` քաղաքացին լրջորեն կասկածում է, որ կնոջ հեռացված երիկամը վաճառվել է:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւն առողջապահության նախարարության միջոցով պատասխանել է, թե Նունե Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում:
Վիրահատության բարդությունների մասին Մաղաքյանը տեղեկացված է եղել, իսկ որ դրանք բժշկական սխալ չեն, ըստ Օկոեւի, հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատաբժշկական քննությունների արդյունքներով:
Պրոֆեսոր Օկոեւը պնդել է, որ վերականգնողական վիրահատության ընթացքում Նունե Մաղաքյանը եւ նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ Նունե Ռազմիկի Մաղաքյանի հայցը մերժել է` համարելով անհիմն:

Թողնել պատասխան

Back to top button