Քաղաքական

Հրաժարվում են, բայց խնդիրը 8 մլն չէ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հետագա պայքարից հրաժարվելու մասին հայտարարելով` Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանն ասաց, թե ինքը ոչ 8 մլն դրամ ընտրագրավի եւ ոչ էլ քարոզարշավի համար անհրաժեշտ գումարի  հետ կապված խնդիր չունի:
Այդուհանդերձ՝ հետագա ընտրապայքարին մասնակցելուց հրաժարվել է։
«Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր, ինքնաառաջադրված Ռոբերտ Ահարոնյանը, սակայն, պայքարից հրաժարվում է սահմանված 8 մլն ընտրագարավի պատճառով: Նա անլուրջ է համարում 8 մլն դրամ  ընտրագրավը մուծելն ու քարոզարշավի համար ծախսեր կատարելը, երբ իր համար ակնհայտ է, որ գաղափարական պայքար չի լինելու։

Այն գումարը, որ հավաքվել է «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման անդամների կողմից, Ռոբերտ Ահարոնյանի փոխանցմամբ, իրենք ճիշտ են համարում ծախսել սեփական ծրագրերի իրականացման համար:
Հետագա պայքարից հրաժարված սոցիալիստն էլ ասաց, որ իր կոորդինացրած շարժման պայքարը չի սահմանափակվում, իսկ թե ում կսատարեն` կասեն օրեր անց:
Մի բան, սակայն, իրենց համար հստակ է, բանախոսի ձեւակերպմամբ, պաշտպանելու են չարյաց փոքրագույնին։

Ընտրություններից հետո էլ սկսելու են մեծ պայքար` ցույց տալու համար, որ Հայաստանում կա արմատական հզոր ընդդիմություն եւ այն, Ռոբերտ Ահարոնյանի ձեւակերպմամբ, կոչվում է «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժում, որը հաջորդ ընտրություններում հաղթելու է:

Գրանցված թեկնածուներից էպոսագետ Վարդան Սեդրականը, սակայն, սպասելու խնդիր չի տեսնում: Ասաց, որ իր տրամադրություններում ոչինչ չի փոխվել այն բանից հետո, երբ երեք ամիս առաջ հայտարարեց իր առաջադրվելու մտադրության մասին:
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Վարդան Սեդրակյանը վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո ստանձնելու է Հայաստանի նախագահի պաշտոնը:

Թեկնածուն ասաց, թե արդեն աշնանը կունենանք նոր խորհրդարան: Թեպետ ընտրված նախագահը մինչեւ 6 ամիս չի կարող ցրել խորհրդարանը, սակայն, Վարդան Սեդրակյանի խոսքով, ինքը կօգտագործի այլ թույլատրելի այնպիսի լծակներ, որոնք կստիպեն, որ խորհրդարանն ինքնալուծարվի:
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ նախորդ երկու նախագահները իրենց չմասնակցությամբ ցույց տվեցին, որ իր ծրագիրն ավելի քան  իրատեսական է:

Անդրադառնալով հարցին, թե ում կողմից է ֆինանսավորվում եւ արձագանքելով շրջանառվող վարկածներին` Վարդան Սեդրակյանն ասաց, թե իրեն մտորելու տեղիք է տալիս միայն խոսակցություններից մեկը, ըստ որի` Սեդրակյանն իբր կրոնական կազմակերպությունների կողմից է հովանավորվում:

«Ես հայ առաքելական եկեղեցու հետնորդ եմ: Մկրտվել եմ քառասուն օրական հասակում: Իսկ Էջմիածինը իմ հոգեւոր աշխարհի հենասյուներից մեկն է»։
Մնացածը խոսակցությունները, վարկածները Վարդան Սեդրակյանն անհեթեթություն որակեց։

Թողնել պատասխան

Back to top button