Կատարողական արվեստում թառը հաջողության է հասել հայերի շնորհիվ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Թառը դարեր ի վեր համարվում է այն կսմիթավոր երաժշտական գործիքը, որը նվագել են հայ գուսանները և ստեղծել մինչև մեր օրերը հասած գոհարներ:
Եվ ահա Ադրբեջանում որոշել են միջազգային մակարդակով սեփականացնել թառի, իբրև իրենց ազգային նվագարանի, կատարողական արվեստը: Այս արշավը «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը համարում է Բաքվի հերթական կեղծարարություն:
Ըստ արվեստագետի՝ այս քայլը պետք է խստորեն դատապարտվի, քանի որ իրականության հետ այն որևէ կապ չունի: Բաքվից եկող միտումները բավականին մտահոգիչ են, քանի որ մշակութային դաշտը ևս ականապատվում է:
Դանիել Երաժիշտը հայտնեց, որ շատ անվանի թառահարներ նույն Ադրբեջանում եղել են հայեր, ինչի մասին գրվել է դեռ խորհրդային տարիներին:
Իսկ ահա «Տկզար» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կառլեն Միրզոյանը թառ սկսել է նվագել դեռ մանուկ հասակում: Ըստ նրա՝ թառի ազգային պատկանելիության շուրջ վեճերը նոր չեն սկսվել: Նա նշեց, որ կատարողական արվեստում թառը հաջողության է հասել հայերի շնորհիվ։
Արվեստագետը կարծում է, որ մեր ազգային նվագարանների, այդ թվում և թառի մասին, պետք է նկարահանվի ֆիլմ և ներկայացվի միջազգային հանրությանը:
Այսպիսով, ըստ նրա, հնարավոր կլինի կանխել ադրբեջանական կեղծիքի տարածումը այս դաշտում:
Բացի դրանից՝ նպատակահարմար կլինի հեղինակավոր միջազգային համաժողովի անցկացումը։