Միջազգային

Երդմնակալության փոխարեն՝ հանրահավաք

Վենեսուելայի Գերագույն դատարանը հաստատել է Ազգային ժողովի՝ նախագահ Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունը հետաձգելու մասին որոշումը, հայտարարելով, որ դրանով օրենքը չի խախտվում:
Դատարանի նախագահ Լուիսա Մորալեսն իր պարզաբանման մեջ նշել է, որ նախագահի լիազորություններն ստանձնելու համար պարտադիր չէ, որ Չավեսը կրկին երդում տա, քանի որ նա վերընտրված նախագահ է և նախկինում արդեն հաղթանակ է տարել պետության ղեկավարի ընտրություններում:
Նախօրեին Վենեսուելայի կառավարությունը հաստատել էր, որ Չավեսը չի կարող մասնակցել երդմնակալությանը և այսօր նախատեսված արարողությունը հետաձգել էր անորոշ ժամկետով:
Այժմ Չավեսը Կուբայում է, որտեղ դեռ շարունակում է բուժվել դեկտեմբերի 11-ին կատարված վիրահատությունից հետո:
Վենեսուելային նախագահին աջակցելու համար այսօր մայրաքաղաք Կարակասում, նախագահական պալատի դիմաց, նրա կողմնակիցները հանրահանաք են հրավիրել, որին մասնակցելու իրենց ցանկությունն են հաստատել նաև Ուրուգվայի և Բոլիվիայի նախագահներ Խոսե Մուխիկան և Էվո Մորալեսը, Պարագվայի նախկին նախագահ Ֆերնանդո Լուգոն, ինչպես նաև Արգենտինայի և Էկվադորի արտաքին գործերի նախարարները:

Թողնել պատասխան

Back to top button