ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան ճակատում՝ առանց փոփոխությունների

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

2013-ին  բանակցային գործընթացում որևէ դրական զարգացում ակնկալելու հիմքեր չունենք՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման հեռանկարի մասին  այսօր ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Սպասումները կապվում են ոչ թե բանակցային գործընթացի, այլ երկու երկրներում սպասվող նախագահական ընտրությունների հետ: Տարին ընտրական է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար:
Իսկ հարևան երկրում, որպես կանոն,  նախընտրական շրջաններում հակամարտության թեման ու դրա շուրջ լարվածության   մեծացումը կարևոր է դառնում այնքանով, որքանով հնարավորություն է տալիս  իշխանությունների շուրջ հասարակության որոշակի կոնսոլիւդացում ապահովել:

«Ալիևը փորձելու է Արցախյան հակամարտության հարցը մշտական լարվածության մեջ պահել, գոնե մինչև նախագահական ընտրություններ՝ դրանով իսկ հասարակության ուշադրությունը շեղելով Ադրբեջանի համար շատ ավելի կարևոր ներքաղաքական հիմնախնդիրներից»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի կարծիքով ՝ ապացույցը Ադրբեջանի նախագահի ամանորյա ուղերձն էր, որն ավելի շատ պատերազմի նախապատրաստության կոչ էր հիշեցնում՝  սպառազինության  մրցավազքը շարունակելու ընդգծվածությամբ:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա, քաղաքագետի կարծիքով, մեկնարկող տարվա ընթացքում դրական զարգացում կամ էական առաջընթաց ակնկալելն իրատեսական չէ:
Տարվերջյան զարգացումները, ըստ նրա, ցույց տվեցին, որ բանակցային գործընթացը վերջնականապես փակուղու մեջ է, իսկ կողմերն ու համանախագահներն ավելի  շատ զբաղված են մեղավորներ փնտրելով:

«Միջնորդների հավաստիացումներին, թե նոր ծրագրեր են մշակվում, թերահավատորեն եմ վերաբերվում, որովհետև անցած երկու տասնամյակների ընթացքում հնարավոր բոլոր սցենարները քննարկվել են, իսկ Ադրբեջանի՝ լարվածության մեծացմանն ուղղված քաղաքականությունը ոչ մի հույս չի թողնում խաղաղ կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց ակնկալել»:

Մելիք- Շահնազարյանի գնահատմամբ՝ գաղափարական ճգնաժամի առջև են հայտնվել նաև ՄԽ համանախագահները. Ադրբեջանի մերժողական քաղաքականությունը բանակցությունները նույն կետից շարունակելու կամ նոր առաջարկներ անելու հնարավորություն չի տալիս:

«Սակայն պետք է փաստել մեկ բան. բանակցային գործընթացի տրամաբանության մեջ կտրուկ փոփոխություն է մտել և կարծում եմ, որ Հայաստանի գերակա շահը պետք է լինի սա հստակ ֆիքսել: Եթե մինչև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, ապա արտահանձնումից հետո ելակետն արդեն պետք է դառնա Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունն ու դրան հակազդելը»:

Ամփոփելով՝քաղաքագետը նշում է, որ 2013-ին ՄԽ համանախագահների առաջնահերթությունը կլինի ոչ թե քաղաքական կամ ռազմական բեկումներ ապահովելը, այլ թշնամանաքի քարոզչությունը կանգնեցնելը, իսկ գլոբալ առաջարկների  փոխարեն սպասելի կլինեն տեղային ու կոնկրետ այնպիսի հարցերի քննարկումը, ինչպիսին են, օրինակ, սահմանային անվտանգության խնդիրը կամ դիպուկահարների հեռացումը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button