ԿարևորՍպորտ

Հայ մարզիչների ամերիկյան հաջողությունը. հայ շախմատիստներն ուժեղագույնն են

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Լոս Անջելսում կայացած` շախմատի հերթական մրցաշարի ընթացքում կրկին աչքի են ընկել հայ պատանիները: Ամերիկայի Շախմատի ակադեմիայի մրցաշարը տեղի է ունենում եռամսյա պարբերականությամբ: Մասնակցում են  140-170 պատանիներ` տարբեր ազգության, տարիքի ու հմտությունների:
Ինչպես ամեն անգամ, այս մրցաշարին էլ մասնակիցների մոտ 30 տոկոսը հայեր են, որոնք միշտ լավագույնների շարքում են: Ամերիկացի մասնագետների գնահատմամբ, դա պատահական չէ։
«Մեծ հաջողություն եմ համարում, որ շատ հայեր կան Կալիֆորնիայի շախմատային հանրության կազմում: Նրանք լավ խաղացողներ են և լավ ուսուցիչներ: Առանց հայ մարզիչների շախմատն այսքան ամուր հիմքի վրա չէր լինի Հարավային Կալիֆորնիայում»,- ասում է ԱՄՆ Շախմատի ֆեդերացիայի ուսումնական խորհրդի հանձնախմբի ղեկավար Ջեյ Սթելինգզը:
Հայ մարզիչները ԱՄՆ-ում փնտրված մասնագետներ են: Դա Հայաստանում նրանց անցած դպրոցի արդյունքն է, որն ամերիկյան չափանիշների հետ համադրությամբ, հաջողություն է բերում, նշում է ԱՄՆ շախմատի հավաքականի մարզիչ Արմեն Համբարձումյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մարզիչը 98 թվականից ներգրավված է ԱՄՆ մարզչական ֆեդերացիայի կազմում, 2004 թվականից Ամերիայի հավաքականի մարզիչն է: Նրա սաները հաճախ են արժանանում հաղթողի տիտղոսին: Ուրախությամբ է նշում, որ նրանց մեջ մեծ է հայերի թիվը:

ԱՄՆ-ում ապրող հայ մարզիչները սպասում են Հայաստանի նոր տաղանդների։ Արմեն Համբարձումյանը նշեց, որ Սմբատ Լպուտյանի հետ վաղուց են ցանկացել շախմատը տեսնել դպրոցական ծրագրերում։ Այսօր վստահ են, որ մի քանի տարի հետո դպրոցում շախատի ուսուցման արդյունքը կերևա. նոր անուններ կհնչեն միջազգային հարթակներում:
Միջազգային հարթակներից նոր հայկական ազգանուններ են խոստանում նաև թենիսի մարզիչները:
Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանը ԱՄՆ- ում է ապրում արդեն մոտ երկու տասնամյակ: Այժմ Բրբենքի հայտնի թենիսի կենտրոնի լավագույն մարզիչներից մեկն է: Հպարտությամբ է նշում, որ իր հայազգի սաների` Ալեքս Հալեբյանի, Սահակ Բազարգանյանի և Անդրանիկ Խաչատրյանի անուններն արդեն հնչում են ԱՄՆ  լավագույն թենիսիստների շարքում:

Հայաստանի թենիսի հավաքականին աջակցելու նպատակով մարզիչները, Հայաստանի հյուպատոսության աջակցությամբ, ԱՄՆ մարզվելու են հրավիրել պատանի թենիսիստներից մեկին: Նա մի քանի ամիս կմարզվի Լոս Անջելեսի նպաստավոր կլիմայական պայմաններում, ուժերը կփորձի մի քանի մրցաշարերում և կվերադառնա Հայաստան` հայրենի թիմն ուժեղացնելու:

 

Թողնել պատասխան

Back to top button