ԿարևորՔաղաքական

Ըստ Ադիբեկյանի՝ ընտրողների 72 տոկոսը կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Նախագահական ընտրություններին ընդառաջ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի 2012 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կհաղթի հենց առաջին փուլում,  այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Մեր երկրում քաղաքականությամբ հետաքրքրվում է բնակչության 52 տոկոսը, նախագահական ընտրություններին կմասնակցի 32 տոկոսը, իսկ 28 տոկոսը արդեն որոշել է, թե որ թեկնածուի օգտին կքվեարկի, վկայում են այս հարցումները, որոնք անցկացվել են 1420 մասնակիցների շրջանում։
Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ ընտրողների ակտիվությունը պայմանավորված կլինի նաև փետրվարի 18-ի եղանակային պայմաններով և քաղաքական ուժերի դիրքորոշմամբ: Այսօր սոցիոլոգը կանխատեսեց ցածր ակտիվություն:

Նա նաեւ այսօր ներկայացրեց 28 տոկոս կողմնորոշված ընտրողների նախապատվությունները:

Հարցվածների 72 տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին, 20 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 5,6 տոկոսը՝ Հրանտ Բագրատյանի, 3 տոկոսը՝ Պարույր Հայրիկյանի։

Նախագահական ընտրություններին մասնակցելուց ձեռնպահ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 30 տոկոսանոց ընտրազանգվածի 10 տոկոսը, այնուամենայնիվ, կմասնակցի ընտրություններին, նշեց Ադիբեկյանը:

Նրանց մեկ երրորդ, ըստ Ահարոն Ադիբեկյանի, կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, մեկ երրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, մյուսները՝ Հրանտ Բագրատյանի կամ «մյուս թեթեւ քաշային խաղացողների» օգտին:

Ըստ սոցիոլոգի կանխատեսման՝ ՀՅԴ-ի ընտրազանգվածը կաջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին, որը, ըստ հարցման, ամենահմայիչ նախագահացուն է, սակայն քաղաքական առումով զիջում է իր հիմնական մրցակիցներին: Որպես ընդդիմության միասնական թեկնածու նրան տեսնում է հարցվածների 9 տոկոսը:

Այս արդյունքները թույլ են տալիս սոցիոլոգին պնդել, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը անխուսափելի է և երկրորդ փուլի անցկացումը բացառվում է` շնորհիվ ընդդիմության որդեգրած դիրքորոշմանը:

Անդրադառնալով 8 մլն ընտրագրավի խնդրին՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ նման կարողությու ունի բնակչության 15 տոկոսը միայն, բայց մեծ մասը իմաստ չի տեսնում այն ներդնել այս նպատակով:
«Սոցիոմետրը» մինչ ընտրությունները կանցկացնի ևս 3 հարցում, որոնց հիմնական նպատակը  կլինի ընտրողների ակտիվության աստիճանի բացահայտումը։

Թողնել պատասխան

Back to top button