ԿարևորՀասարակություն

Ընտրողների թիվն աճել է 25 հազար 53- ով

ՀՀ ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջերում տեղադրվել է ՀՀ ընտրողների ցուցակը:

Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելու դեպքում մինչև 2013 թ. փետրվարի 13-ը պետք է դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով:

2013թ. նախագահական ընտրությունների ընտրացուցակներում Ազգային ժողովի ընտրությունների համեմատ ընտրողների աճ է արձանագրվել, «Արմենպրեսի»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
«Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2 միլիոն 485 հազար 844: Իսկ 2013թ.-ի հունվարի վեցի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (մայիսի վեցից մինչև հունվարի վեցն ընկած ժամանակահատվածում) աճել է 25 հազար 53-ով»,-ասել է Հովհաննես Քոչարյանը:

Նա պարզաբանել է, որ 29 հազար 986 մարդ ընտրացուցակներում ավելացել է դեռ 2012 թ. մայիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ` 18 տարին լրանալով պայմանավորված: Նոր հաշվառմամբ ընտրացուցակներում ընդգրկվել են եւս 13 հազար 948 ընտրողներ: 11 հազար 988 քաղաքացի` 18 տարի և ավելի տարիք ունեցող, առաջին անգամ անձնագրավորվելու հիմքով նույնպես ընդգրկվել են ցուցակ:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ընդունած 4 հազար 107 ընտրող հաշվառվել է ՀՀ տարածքում, որոնցից բոլորը չէ, որ սիրիահայեր են: Քաղաքացիության ճանաչման հիմքով ՀՀ քաղաքացու անձնագիր են ձեռք բերել 1016-ը, նույն ժամանակահատվածում մահվան հիմքով հաշվառումից հանվել է 15 հազար 572 մարդ, իսկ սեփականության հիմքով՝ 10 հազար 601, այլ հիմքերով` 9419-ը:

Խոսելով սիրիահայերի` ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու թեմայով՝ Քոչարյանը շեշտել է, որ ցուցակներում ընդգրկվել են այն սիրիահայերը, որոնք Հայաստանի գրանցում ունեն: Նրանք, ովքեր չեն ընդգրկվել ցուցակում, չունեն հաշվառում, իսկ թե քանիսը կընդգրկվեն լրացուցիչ ցուցակում, դեռ հայտնի չէ:

 

Թողնել պատասխան

Back to top button