ԿարևորՀասարակություն

Գլենդեյլի դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Գլենդեյլ

Ձմեռային արձակուրդից հետո  RD White դպրոցի առաջին ուսումնական օրն աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար վատ երազի պես սկսվեց::  Իրական վտանգից էլ ավելի մեծ էր նրանց վախը` ներշնչված այլ նահանգներում տեղի ունեցած դեպքերից:

Առավոտյան անանուն զանգը զգուշացրել էր, որ դպրոցի շենքում ռումբ է տեղադրված: Րոպեներ հետո դպրոցը շրջապատված էր ոստիկաններով, հրշեջ և շտապօգնության մեքենաներով: Մարդիկ տարհանվեցին ոչ միայն դպրոցից, այլև շրջակա տներից ու խանութներից: Մոտ 4 ժամ մասնագետները զննում էին տարածքը:
«Ահազանգը կեղծ էր, տարածքն անվտանգ է, ռումբ չհայտնաբերվեց: Բայց սա լավ վարժանք էր դպրոցի, ոստիկանության և հրշեջ ծառայության համար` նման իրավիճակներում ճիշտ արձագանքի համար», ասաց  Հրշեջ գումարտակի ղեկավար Վինո Ռուֆինոն:
Ամենապահով քաղաքներից մեկը համարվող Գլենդեյլում նման դեպքերը հաճախ չեն, սակայն հատկապես Նյութաուն քաղաքում դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգությունից հետո, որին զոհ գնացին տարրական դպրոցի 20 աշակերտ և վեց ուսուցիչ, մեծացել է թե դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների անհանգստությունը, թե իրավապահների զգոնությունը:
Ծնողների մի մասի կարծիքով՝ դպրոցի անվտանգությունը կարելի է ապահովել զինված հսկիչների ներկայությամբ, ինչի միջոցով հնարավոր է կանխել և կեղծ ահազանգը, և իրական վտանգը:
Մյուս մասն էլ վստահ է, որ ոստիկանության լավ աշխատանքը բավարար է լիարժեք անվտանգության համար։
«Չեմ կարծում, թե հնարավոր է դպրոցներում որևէ կերպ կանխել նման իրավիճակները: Չես կարող ապահովագրված լինել ինչ-որ մեկի չմտածված քայլից: Միաժամանակ մենք պետք է լրացուցիչ ջանք գործադրենք առավելագույն անվտանգություն ապահովելու համար», ասաց Գլենդեյլի ոստիկանության  ներկայացուցիչ Թոմ Լորենցը:

Գլենդեյլի միացյալ կրթական մարմնի ղեկավար Ռիչարդ Շիհանը նշում է, որ իր ղեկավարած «մարմինը սերտ գործակցում է ոստիկանության հետ։ Նրանց մեքենաները մշտապես շրջում են դպրոցների մոտակայքում: Բայց մենք պետք է աշխատենք նաև նման հանցանքի գնացող մարդկանց հետ և վստահ լինենք, որ բարելավում ենք կրթական միջավայրը և ոչ թե ոստիկանական հսկողությունը»։

 

 

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button