ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրական հեղափոխության է անելու

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 18-ին Հայաստանում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը ջարդելու է իշխանական, ուժային, մաքսային, հարկային համակարգը, որը 20 տարի իշխում է Հայաստանում, այսօր հայտնել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես հարգում եմ այս ընտրությունների բոլոր մասնակիցներին, հատկապես՝ Պարույր Հայրիկյանին եւ Հրանտ Բագրատյանին: Ամենահեշտը տունը նստելն է,  իսկ իրենք որոշեցին մասնակցել եւ իրենք արժանի մրցակից կլինեն թե Սերժ Սարգսյանի, թե ինձ համար»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով նաեւ նախագահական ընտրություններում թեկնածուների առատությանն առնչվող հարցին:

Ընտրական հեղափոխությունը կարող է կատարել հենց հայ ժողովուրդը, եթե գործն ու խոսքը մեկտեղի ու դուրս գա սուրճի սեղաներից:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարում, որ յուրաքանչյուր քաղաքացի իր խղճի կամոք մասնակցի փետրվարի 18-ին կայանալիք  նախագահական ընտրություններին: «Ոչ մրցակցային ընտրությունների, արդյունքների կանխորոշման մասին խոսկացությունները կեղծ են»` համոզված է թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին` քաղաքացիներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, կուսակցություններին, անպայման մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ դա լինելու է, Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, պատմական եւ ապագայամետ ընտրություն:

Հովհաննիսյանը բնական է եւ անգամ հրամայական է համարում, որ մինչեւ քվերակության օրը լինի կոնսոլիդացիա, «եթե ոչ մինչ փետրվարի 18-ը, ապա գոնե երկրորդ փուլում»։
Նա շեշտեց, որ չի պատրաստվում մրցակցել Հայրիկյանի կամ Բագրատյանի հետ, եւ պետք է գործող իշխանությանը հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Քաղաքացիական նախաձեռնությամբ ընտրություններին մասնակցող  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կարծում է, որ որեւէ բան չպետք է խոչընդոտի, որ ընտրություններին չմասնակցողները զորակցեն այս կամ այն հասարակական ընդդիմադիր ուժին:

Րաֆֆի Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ փետրվարի 18-ին լինելու է  երկու «Հայաստանների» մրցակցություն:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ազատ, արդար ընտրությունների դեպքում պատրաստ է թե շնորհավորել հաղթողին, թե ընդունել շնորհավորանքը: Նրա կարծիքով` բոլորի ցանկացած ազատ, արդար եւ երանելի ընտրություններ ունենալու համար անհրաժեշտ է, որ առաջիկա 10 օրերի ընթացքում գործող նախագահը լրջորեն արձագանքի իր ուղարկած նամակին: Մասնավորապես` նախագահը պետք է կարողանա հաղթահարել շահերի բախումը կուսակցական պատկանելության եւ պետական պարտականության միջեւ, շեշտեց ընդդիմադիր թեկնածուն:

Թե պայքարի ինչ ձեւ են ընտրելու` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է, ոչ մի բան կանխորոշված չէ:

Խոսելով ընտրագրավի մասին՝ Հովհաննիսյանը հերքեց նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարություններն այն մասին, թե ինքն է տվել Հովհաննիսյանի ընտրագրավը: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքն է ապահովել ընտրագրավը, ապա խոստացավ չծախսել օրենքով սահմանված հարյուր միլիոն դրամից ավելի գումար:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ շեշտեց, որ չի ընդունի որեւէ մեկի օժանդակությունը, որը, թեկնածուի ձեւակերպմամբ, մի լումայով կսահմանափակի իր անկախությունն ու ինքնիշխանությունը:

Սպասվող ընտրապայքարի մասին էլ թեկնածուն կարծիք հայտնեց, որ կլինեն անակնկալներ, քաղաքացիական դրսեւորումներ: «Եթե ապահովված լինի ազատ մրցակցային դաշտ, ինչպես պահանջել եմ նախագահին ուղղված իմ նամակում, կլինի դասական պայքար»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անգամ կեղծիքների կրկնման դեպքում քաղաքացիների գերակշիռ մասնակցության պայմանով կունենա հաղթանակ:
Թերեւս այս համոզմունքից էլ բխում է Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնական կարգախոսներից մեկը` «Ամեն ինչ հնարավոր է»: Թեկնածուն ասաց, որ կլինեն տարբեր կարգախոսներ, իսկ ինքը Հայաստանի քաղաքացուն ասում է, որ հնարավոր է ունենալ նորմալ Հայաստան։

Թողնել պատասխան

Back to top button