Հարկավոր է միանալ ծովային իրավունքի կոնվենցիաներին, հորդորում են փորձագետները


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանն ունի ավելի շատ հնարավորություններ, քան՝ օգտագործում է. միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը հորդորում է միջազգային կոնվենցիաներով նախատեսվող ծովեզերք ունեցող երկրների նավամատույցներից օգտվելու հնարավորություններն օգտագործել:
Օրինակ՝ Ծովային իրավունքից օտվելու վերաբերյալ կոնվենցիաներ գոյություն ունեն, որոնց միացել են մեր հարևան երկրներից Թուրքիան ու Վրաստանը: Հայաստանն այդ կոնվենցիաներին չի միացել, սակայն կարող է Վրաստանի հետ ընդհանուր համաձայնության գալով վարձակալել ծովային նավամատույցներ։
Փորձագետը մանրամասնեց, թե որ կոնվենցիաների մասին է խոսքը. 1965 թվականի Նյու Յորքի կոնվենցիան ծովեզերք չունեցող երկրների տարանցիկ իրավունքի վերաբերյալ և 1982 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիան ծովային իրավունքի մասին:
Եթե Հայաստանը միանա այս կոնվենցիաներին՝ կկարողանանք հայկական դրոշներով նավեր դուրս բերել բաց ծով, պարզաբանեց փորձագետը։ Ծով ունեցող երկրները նաև տեխնիկական հնարավորություններ պետք է ընձեռեն ծովեզերք չունեցող երկրներին: Դա նաև հնարավորություն կտա մաքսատուրքից ազատվել, սակայն չենք միանում այդ կոնվենցիաներին, քանի որ ոմանց դա ձեռնտու չէ, ասաց:
Հայաստանը, ի դեպ, միանալով այդ կոնվենցիային որևէ պարտավորություն չի կրելու, ավելացրեց Նարեկ Գալստյանը՝ հուշելով հարցը բարձրացնել Վրաստանի վարչապետի հետ հանդիպումների ժամանակ:
Ի դեպ՝ նախորդ տարվա վերջին կոնվենցիային միանալու հարցում խորհրդարանական լսումներ են եղել, ուր ներկայացվել է պայմանագրի առավելությունները, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ չեն արվել:
Փորձագետները թեման շոշոփում են՝ հույս ունենալով, որ հարցին ընթացք կտրվի։