ԿարևորՄիջազգային

Վրաստանում 2013- ը կլինի քաղաքական ավանդույթների ձեւավորման տարի. հակառակորդները պետք է միասին աշխատեն

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»

Անցյալ տարին քաղաքական բուռն տարի էր հարևան Վրաստանում: Առաջին անգամ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ խաղաղ պայմաններում` ընտրությունների միջոցով:
2012թ.-ի հոկտեմբերի 1-ին Վրաստանն արթնացավ բոլորվին այլ քաղաքական իրավիճակում: Ընդդիմության ու իշխանության միջև ողջ տարին ընթացող կատաղի պայքարի ու ընտրություններից առաջ սկանդալային քարոզարշավի պայմաններում քչերն էին ակնկալում, որ այս ամենը խաղաղ ավարտ կունենա:
Նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ընդունեց իր պարտությունը, իսկ աշխարհն այն ընդունեց որպես վրացական ժողովրդավարության հաղթանակ:
Բիձինա Իվանիշվիլին շնորհավորելով իր համակիրներին ասաց, որ ընտրությունների միջոցով Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ:

 

Հենց այս ամիս լրանում է Սահակաշվիլիի նախագահ ընտրվելու 5 տարին (նա երկրորդ անգամ նախագահ է ընտրվել 2008-թ հունվարին): Սակայն համաձայն 2010 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների՝ Վրաստանի նախագահի լիազորությունները կավարտվեն նոր նախագահի ընտրությունից հետո, որը տեղի կունենա հոկտեմբերին:
Մինչ այդ՝ գրեթ մեկ տարի, քաղաքական հակառակորդները` նախագահ Սահակաշվիլին և վարչապետ Իվանիշվիլին, հավանաբար ստիպված կլինեն աշխատել միասին, հակառակ նրան, որ այսօր ընթանում են բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ նախագահի հրաժարականի պահանջով:
Այս անգամ ամանորի գիշերը վրաց ժողովրդին շնորհավորեցին երկրի երեք կարևոր դեմքեր: Ավանդույթի համաձայն կիսգշերից առաջ ելույթ ունեցավ նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, իր շնորհավորանքը հղեցին նաև վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և վրաց պատրիարք Իլյա Երկրորդը:
Նախագահի ելույթը, որ տևեց 13 րոպե, չի կարելի համարել դասական ամանորյա ուղերձ. նա քիչ խոսեց շնորհավորանքներից, երազանքներից, սակայն ավելի շատ կանգ առավ քաղաքական ու ներքաղաքական խնդիրների վրա:
Ի տաբերություն նախագահի՝ վարչապետի ելույթը տևեց ընդամենը 3 րոպե, և ավելի լավատեսական էր:
Վրաց պատրիարքը կոչ ուղղեց կառավարությանը` «Եղեք միասին, հիշեք, որ ձեր հետևում մեր հայրենիքն է ու մեր ժողովուրդը»:

Թողնել պատասխան

Back to top button