ԿարևորՏնտեսական

Հարկային փոփոխություններ եւ նոր հակատեսակներ

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

2013-ը հենց առաջին օրվանից ուժի մեջ են մտել հարկային լայնածավալ փոփոխություններ: Դրանք ենթադրում են գործող հարկատեսակների փոխարինում նորերով: Մասնավորապես, պայմանավորված աստիճանաբար կենսաթոշակների կուտակային համակարգին անցնելու ծրագրերով, ներդրվել է  եկամտային հարկ, որը կփոխարինի սոցիալական վճարին և եկամտահարկին:
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նաեւ նոր` շրջանառության հարկ, որը փոխարինում է նախ ներկայում գործող շահութահարկին, ինչը տարբեր գնահատականներով ծախսատար է բիզնեսի համար։ Այսօր ՓՄՁ սուբյեկտները, կախված իրենց իրացման շրջանառությունից, շուրջ 17.2 տոկոս բեռ են կրում հաշվապահական ծախսերի գծով:
Շրջանառության հարկը առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից պետբյուջե վճարվող ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է:
Շրջանառության հարկ վճարողներ են համարվում անձինք, որոնց շրջանառությունը նախորդ տարվա գործունեության բոլոր տեսակների մասով չի գերազանցել 30 մլն դրամը:
Միաժամանակ, սակայն, շրջանառության հարկ վճարողների համար կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:
Հարկային փոփոխությունները տնտեսվարողներին առաջին հերթին խոստանում են պարզ ընթացակարգերի սահմանում` կրճատելով նրանց կողմից հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների քանակը եւ ներկայացման պարբերականությունը, ասում է ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյան:
Նրա ներկայացմամբ` խոշոր փոփոխություն է սպասվում նաեւ շահութահարկի մասով: Ըստ այդմ` հայրենի կառավարությունը արտոնություններ է սահմանում բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք 2013 թվականից սկսած կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրեր կյանքի կկոչեն եւ աշխատատեղեր կստեղծեն:
Ընդ որում` նշված արտոնությունները չեն տարածվում ֆինանսական ռւ առեւտրի ոլորտների վրա: Փոխարենը որեւէ սահմանափակում չկա` այդ աշխատատեղերը կստեղծվեն տեղական թե արտասահմանյան ձեռնարկությունների կողմից:

«Օրենքով նախատեսված է, որ նոր ստեղծվող աշխատատեղերի շրջանակներում աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձը աշխատատեղի ստեղծման եւ դրան հաջորդող 3 տարվա ընթացքում կնվազեցվի տվյալ կազմակերպության կողմից վճարվող շահութահարկի գումարից: Այսինքն` ստացվում է, որ նոր աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձն այդ 3 տարիների ընթացքում պետությունը վերցնում է իր վրա»,- ընդգծում է Արմեն Պողոսյանը։ Պատասխանատուներն այդ փաթեթին վերագրում են գործարար միջավայրի բարելավման նպատակը: Փոփոխությունների հեղինակները խոստանում են թեթեւացնել հարկային մի շարք գործընթացներ` փոխարենը հարկատուներից պահանջելով ավելի ազնիվ լինել:

 

Ի դեպ` այս փոփոխություններն այնքան ընդդիմախոսներ չունեցան, որքան ունեցան այս տարեսկզբից ուժի մեջ մտնող փոփոխությունները:

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button