ԿարևորՔաղաքական

Ինչ զարգացումներ սպասել ղարաբաղյան գործընթացում 2013- ին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Անցած տարին ղարաբաղյան խնդրի կարագավորման գործընթացում նշանավորվեց սաֆարովյան իրադարձությամբ, ինչից հետո թվում էր, թե կընդհատվեն ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Ամռան վերջին օրվա կայծակը մի քանի ամիս կաթվածահար արեց բանակցությունները:
Եթե մինչ այդ միջնորդների հիմնական առաքելությունն էր կայունության ու խաղաղության պահպանումը, ապա դրանից հետո ջանքեր էին գործադրվում բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ. տարեվերջին մոտ ՄԽ-ին հաջողվեց կազմակերպել հանդիպում, բայց երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով:
Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև նախագահների հանդիպում տեղի չունեցավ:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ մինչ Հայաստանի նախագահական ընտրությունները երկու երկրների նախագահների հանդիպում չի լինի, սակայն նախագահների մակարդակով հանդիպում կլինի Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ։

Նա 2013- ին առհասարակ զարգացում չի սպասում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում. ստատուս քվոն կպահպանվի։ Սակայն կարծում է, որ այլ պատկերի ականատես կլինենք, եթե հանկարծ ԱՄՆ ու ու Իսրայելը հարձակում սկսեն Իրանի ուղղությամբ։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում մոտակա ժամանակներս որևէ էական փոփոխություն տեղի չի ունենա, և գալիք տարվա ընթացքում էլ կայունություն կպահպանվի, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նախորդ տարիների համեմատ ավելի քիչ են արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շփման գծում, այդ առումով ևս իրավիճակի փոփոխությունը քիչ հավանական է համարում Կովկասի ինստիտուտի տնօրենը։
«Չեմ կարծում թե բռնկում կլինի, բայց չեմ կարող բացառել հրադադարի ռեժիմի խախտում շփման գծում, առավել ևս եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում ընտրություններ են սպասվում 2013-ին: Հրադադարի ռեժիմի խախտումներն Ադրբեջանի կողմից պատահական չեն արվում, դրանք նպատակ են հետապնդում և անհրաժեշտություն են հարևան երկրի իշխանությունների համար»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button