ԿարևորՔաղաքական

Առաջադրումներն ավարտվեցին. նախագահի թեկնածուները 15- ն են

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածուների՝ դեկտեմբերի 25-ից մեկնարկած  առաջադրումների ժամկետն այսօր ավարտվեց: Առաջադրված թեկնածուները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, 15-ն են՝ մեծ մասը՝ ինքնաառաջադրված:  Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի  թեկնածությունը: Ազատություն կուսակցությունն էլ առաջադրել է նախկին վարչապետ ու ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:
Մնացած 13-ն ինքնաառաջադրված թեկնածուներ են՝ հանրությանը հայտնի քաղաքական գործիչներից մինչև հանրությանն անհայտ թոշակառու և կարատեիստ:

Քաղաքական գործիչներից ինքնաառաջադրվել են  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը,  Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ ՀարությունյանըԻնքնաառաջադրվել է նաև ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը: Նա փաստաբան է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:

Շարունակենք ծանոթացնել առաջադրված թեկնածուներին՝  Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյան։ ՌոբերտԱհարոնյան՝  ներկայում գործազուրկ կոմունիստ, նախկինում՝  Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ: Նա, ի դեպ, երկրորդ ԽՍՀՄ ստեղծելու ջատագով է:

Նախագահական ընտրապայքարի մեջ է մտնում «Ռադիո հայ» ՍՊԸ-ի ժողովի նախագահ, անկուսակցական ԱնդրիասՂուկասյանը, գործազուրկ, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, թոշակառու  Պավլիկ Սարգսյանը, ընտրություններին մասնակցելու մասին առաջիններից հայտարարած էպոսագետ  Վարդան Սեդրակյանը: Ինքնաառաջադրվել է նաև «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:
Նախագահական ընտրություններում առաջադրված միակ կին թեկնածուն Նարինե Մկրտչյանն է։
Նա Մամուլի ազգային ակումբի նախագահն է, Երեւանի պետական եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների դասախոս:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նաև հիշեցնում է, որ առաջադրման համար սահմանված ժամկետում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը նախագահի թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները կարող էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել նաև 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտերը: Նման հայտեր ներկայացրել են Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Արամ Հարությունյանը։

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ նախընտրական քարոզչությունը սկսվում է  գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ՝ հունվարի 21-ից և մինչև փետրվարի 16-ի ժամը 24.00- ը:
Ընտրությունները, հիշեցնենք, կկայանան 2013- ի փետրվարի 18-ին:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button