ԿարևորՏնտեսական

ԱՄՀ- ն Հայաստանում 2013- ին նախատեսում է 4- 4,5 տոկոս տնտեսական աճ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«2012 թվականը բավականին դժվարին տարի էր Հայաստանի տնտեսության համար». անցնող տարին այսպես է բնութագրում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Տնտեսության մեջ թեև զգացվեցին որոշ առաջխաղացումներ, այդուհանդերձ ավելի շատ էին մարտահրավերներն ու խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, ասում է տնտեսագետը:
«Այլընտրանք»  հետազոտական կենտրոնի տնօրենն ընդգծում է, որ 2012- ի համար կային բազմաթիվ սպասումներ, որոնք չէին կարող ամբողջովին իրականություն դառնալ՝ հաշվի առնելով երկու կարևոր հանգամանք։
«Տարին նախընտրական էր թե խորհրդարանի ընտրությունների առումով, թե նախագահականի նախապատրաստական շեմ է համարվում, ուստի մեզ համար կանխատեսելի էր, որ ներդրումային  միջավայրը չպետք է շատ ակտիվ լինի»։
Տնտեսության մի քանի ճյուղեր շարունակեցին մրցունակ մնալ, մասնավորապես՝ առանձին ամիսներին  արձանագրվեց երկնիշ աճ։
Տնտեսագետը դրական է համարում  այն, որ տարվա ընթացքում որոշ բացառություներով պահպանվեց արտահանման աճի գերակա միտումը ներմուծման աճի տեմպերի նկատմամբ:
«Սա նախորդ տարիներին ակնկալվում էր, սակայն դեռ նկատելի չէր»,- ասում է Մանասերյանը՝ շարունակելով թվարկել արդեն տնտեսության զարգացման խոչընդոտող խնդիրները:  Գործազրկության մակարդակը հատկապես երիտասարդների շրջանում հասնում է ընդհուպ մինչև 60 տոկոսի։
2013-ի կանխատեսումներում տնտեսագետը զգուշավորությունում է դրսևորում: Ամբողջ աշխարհում 2013-ին կանխատեսվում է ճգնաժամի նոր փուլ: Ու  եթե Հայաստանի տնտեսությունը շարունակի զարգանալ այս տեմպերով՝ դանդաղ, ապա, արդեն ճգնաժամի հաջորդ փուլում, որն   իրեն զգացնել է տալիս որոշ երկրներում, մենք դինամիկ զարգացումից կարող ենք զգալիորեն հետ մնալ:
Նշենք, որ օրերս  ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտատարեց, որ Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք  հնարավոր է, սակայն քիչ հավանական:  Ֆինանսների նախարարի դիտարկմամբ՝ նոր ճգնաժամի ալիքի պատճառ կարող է հանդիսանալ Եվրոպայում պարտքային ճգնաժամի սրումը, ու դրա հետ կապված քաղաքական ու տնտեսական որոշ գործընթացները։ Սակայն վերջին զարգացումներն այս առումով լավատեսության հույս են ներշնչում:
Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալում է, որ Հայաստանում 2013 թվականին տնտեսական աճը կկազմի 4-4,5 տոկոս, մինչդեռ 2013թ պետական բյուջեով մատնանշված է 6,2 տոկոս տնտեսական աճ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button