Միջազգային

Վրացահայ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն. խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երեկ երեկոյան խորհրդարանը հաղթահարեց նախագահական վետոն: Այն  Միխայիլ Սահակաշվիլին կիրառել էր դեկտեմբերի 21-ին ընդունված <Համաներման մասին> օրենքի վրա: Վերջինը ենթադրում է լայնածավալ համաներում, այդ թվում այն անձանց նկատմամբ, որոնք  իրականացրել են հատկապես ծանր հանցագործություն:
Բացի այդ՝ այն տարածվում է նաև շուրջ 200 ազատազրկվածի վրա, որոնց երկրի խորհրդարանը դեկտեմբերի 5-ին քաղբանտարկյալ էր ճանաչել: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու   մեկ շաբաթվա ընթացքում , իսկ համաներման ենթակա մյուս դատապարտյալները` 2 ամսվա ընթացքում, համապատասխան գործընթացից հետո: Ընդհանուր առմամբ՝ համաներմամբ ազատ է արձակվելու մոտ 3 հազար բանտարկյալ:
Համաներում հայտարարելը «Վրազական երազանքի» նախընտրական խոստումներից էր: Ինքը` Սահակաշվիլին, վետո էր կիրառել օրենքի վրա, քանի որ անընդունելի էր համարում ազատություն տալը այն մարդկանց, որոնք, ասենք, սեռական բնույթի հանցանք են կատարել անչափահասների նկատմամբ կամ լրտեսներ են: Բացի այդ, նրա կարծիքով, երկրում քաղբանտարկյալներ չկան:
Ինչևէ, նախագահի վետոն հաղթահարված է, իսկ խորհրդարանի հաստատած քաղհալածյալների և քաղբանտարկյալների ցուցակում կա երեք հայ՝ ջավախահայ նախկին պատգամավոր Մելիք Ռայիսյանը, ում նկատմամբ քաղաքական հետապնդում էր սկսվել «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կողմն անցնելուց հետո, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանն ու նրա տեղակալը, որոնց մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:

Նույն ցուցակում սկսզբում եղել, ավելի ուշ հանվել է  ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի անունը, ասում է  «Երկիր միություն» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթիկյանը, ով զբաղվում է նաև Ջավախքին վերաբերող ծրագրերով: Սակայն խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև նրա վրա:

Նշենք, որ օրինագիծը վերադարձվելու է նախագահին, որը պետք է 7 օրվա ընթացքում ստորագրի այն: Բայց եթե Սահակաշվիլին կրկին հրաժարավի վավերացնել այն, փաստաթուղթը կստորագրի խորհրդարանի խոսնակը, ինչից հետո էլ այն ուժի մեջ կմտնի:

Թողնել պատասխան

Back to top button