Կարեւորվել է համաժողովրդական բանակի ձեւավորման գաղափարը


Պաշտպանության ոլորտում անցնող տարվա կարևոր միջոցառումների թվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առանձնացնում է ՀՀ տարածքում անցկացված երեք խոշոր զորավարժությունները` ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հուլիս ամսին անցկացված ռազմաքաղաքական փուլը, սեպտեմբեր ամսին անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը, հոկտեմբեր ամսին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների` զինված ուժերի կիրառման փուլը և դրա շրջանակներում անցկացված մարտավարական զորավարժությունները:
Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում Սեյրան Օհանյանը հատկապես կարեւորել է հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը՝ համաժողովրդական բանակ գաղափարի ձևավորման առումով:
Կոլեգիայի նիստում ամփոփվել են 2012 թվականի մարտական և զորահավաքային պատրաստության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2013 թվականի ուսումնական տարվա խնդիրները:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, մի շարք վարչությունների պետեր:
Տարվա ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն զորամասերին Սեյրան Օհանյանը կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրել է պատվոդրոշներով: Մի շարք զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների: