ԿարևորՏնտեսական

Հայաստանում ստվերը բավականին մեծ է, խոստովանում է ՊԵԿ նախագահը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում տնտեսության մեջ ստվերը բավականին մեծ է, այսօր հայտարարել է ստվերի դեմ ամենալուրջ պայքարի պատասխանատու կառույցի` Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ չմանրամասնելով, թե որ ոլորտներում է թաքնված ստվերի ամենամեծ ռիսկը։

Նա ընդգծել է, սակայն,  որ այս տարվա աշխատանքները` ուղղված նաեւ ստվերի կրճատման դեմ, դեռ սպասված արդյունքը չեն տվել:
Պետական եկամուտների կոմիտեի այս տարվա աշխատանքը կառույցի ղեկավարը 10 միավորից գնահատում է ընդամենը 4:
Տարին չափազանց ծանր էր, անելիքները` բազմաթիվ, սկսված շատ աշխատանքների արդյունքներն ակնկալվում է տեսնել եկող տարի։
Գագիկ Խաչատրյանի խոսքով` հաջորդ տարիներն ավելի դժվար են լինելու: Համակարգի առջեւ դրված առաջին խնդիրներից մեկը ստվերի կրճատումն է, դրան ուղղված առաջին քայլերից մեկն էլ՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, որի ցանկալի արդյունքները դեռ չեն գրանցվել:
Չնայած իր ղեկավարած կառույցի աշխատանքին տրված բավականին ցածր գնահատականին՝ Խաչատրյանը երկար թվարկեց նաեւ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Բյուջեով սահմանված 875 մլրդ դրամի հարկեր, տուրքեր եւ վճարներ ցուցանիշը կատարվել է ամբողջությամբ:
2011-ի համեմատ հարկային եկամուտների սեջ պետական տուրքի աճր գերազանցել է 12 տոկոսը, իսկ պարտադիր սոցիալական վճարների աճը` 5 տոկոսը:
Գագիկ Խաչատրյանը ի պատասխան տարվա ընթացքքում հնչած բազմաթիվ քննադատությունների, ընդգծեց, որ հարկերի գերակշիռ մասն ապահովվել է խոշոր բիզնեսի հաշվին: Փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը ՊԵԿ-ը փորձում է ավելի ու ավելի թեթեւացնել։
Այս տարվա հարկային եկամուտների աճը ՊԵԿ նախագահը պայմանավորեց նաեւ հարկային եւ մաքսային օրենսդրական վերջին փոփոխություններով, նաեւ տնտեսական աճով:
Համակարգում բարեփոխումներին զուգընթաց` 2013-ին ակնկալվում է հարկային եկամուտների աճ 118 մլրդ դրամով: Այս տարի հաջողվել է հավաքագրել 100 մլրդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտ:
ՊԵԿ-ը փորձում է, ինչպես ասում են, մտրակ  ստուգումներից անցնել ռիսկերի վրա հիմնված ստուգումների: Այսինքն` ստուգումների թիրախում են այն կազմակերպությունները, որոնց հարկային հաշվետվությունների վերլուծությունները ռիսկեր են բացահայտում:
Այս տարի ստուգումները կրճատվել են 26 տոկոսով, սակայն մեկ ստուգումների արդյունքում հայտնաբերված գումարներն ավելացել են:

Թողնել պատասխան

Back to top button