ԿարևորՀասարակություն

Խնդիրները կախարդական փայտիկի օգնությամբ չեն վերանա, ասում է ՍԱՊԾ պետը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներ Հայաստանում կան, մենք չունենք կախարդական այն փայտիկը, որի միջոցով խնդիրները մեկ օրում կվերանան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
2012թ հատկապես ակտվի աշխատեց ու բացահայտումներով սպառողներին զարմացրեց ծառայությունը: Մեկ տարվա ընթացքում  պետական այս մարմինը 235 տեսչական ստուգում է անցկացրել, պետական բյուջե է գանձվել 3 մլն 620 հազար դրամ:
Հիշեցնենք, ամենամեծ բացահայտումներից մեկը պանրի շուկային էր վերաբերում, երբ 18 տնտեսվարող սուբյեկտի  գործունեություն դադարեցվեց:
Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն ասում է, որ հիգիենայի հետ կապված խնդիրներ առաջանում են հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների մոտ

«Մեր ստուգումներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ առավելապես հիգիենայի ու տեխնիկական կանոնների պահպանման պահանջներին չեն համապատասխանում մեր միջին ու մանր տնտեսվարող սուբյեկտները»։
Ծառայությունը մշտապես ուշադիր է հացի, ձվի, կաթնամթերքի ու մսի շուկաների նկատմամբ: Ծառայության ղեկավարն ասում է, որ իրենց խնդիրը սննդամթերքի անվտանգության համակարգ ստեղծելն է:
Արտադրողները, տեղափոխողներն ու  իրացնողները, եթե պահեն կանոնները, խնդիրներ չեն լինի, վստահեցնում է ոլորտի  պաշտոնյան:
Սպառողները կարող են շարունակել նախատոնական այս  օրերին միս գնել, առանց անհանգստանալու, քանի որ «սիբիրախտի օջախը վերացված է, ՍԱՊԾ և այլ գերատեսչությունների կողմից հայտարարված կարանտինը հանված է, քանի որ հիվանդություն այլևս չունենք»:
Բախչագուլյանը նաև վստահեցնում է, որ սահմանային կետերում ևս  վերահսկողությունն ուժեղացվել է, ավելին՝ 18 բեռ հետ է ուղարկվել: Սահմանային անցակատերեում, ի դեպ, այս տարվանից հսկողությունն արդեն շուրջօրյա է:
«Սննդամթերքի  անվտանգության համակարգի հետ կապված խնդիրներ կան, ամփոփելով ասում է ծառայության պետն ու հավելում,- չունենք կախարդական այն փայտիկը, որի միջոցով խնդիրները մեկ օրում կվերանան»:

Թողնել պատասխան

Back to top button