Քաղաքական

Հայաստանը հստակ արտաքին քաղաքականություն չի վարում, ասում է Կիրո Մանոյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Տարածաշրջանում 2012-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդհանրապես նոր մարտահրավերներ էին Հայաստանի համար, այսօր նկատեց ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Առանձնացնելով, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ նա կարծիք հայտնեց, որ իշխանությունները հնարավոր ամեն ինչ արել եւ անում են, որպեսզի կարողանան Հայաստանի եւ հատկապես սիրիահայության շահերը պաշտպանել:

ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ ի նպաստ այդ գործընթացի տարեսկզբին էլ ոչինչ չէր ակնկալվում եւ պարզ էր, որ ոչ մի առաջընթաց չէր լինելու, իսկ Հունգարիայի հետ գործարքը փակուղի մտցրեց այդ գործընթացը։
Սակայն, Մանոյանի խոսքով, դա չի նշանակում, թե մենք այլևս անելիք չունենք։ «Մենք պետք է մտածենք Ղարաբաղի իշխանությունների հետ աշխատանքի և ԼՂՀ  ինքնորոշման միջազգային ճանաչման մասին»,- ասաց Մանոյանը։

Խոսելով Արդբեջանի դիրքորոշման մասին` Կիրո Մանոյանը նկատեց, որ այդ երկիրը տարվա ընթացքում շարունակեց վարել իր հակահայկական քաղաքականությունը` փորձելով միջազգային հանրությանը կաշառելու ինչ- որ քայլեր ձեռնարկել։
Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալով` Կիրո Մանոյանը նկատեց, որ այստեղ ոչ մի տեղաշարժ 2012-ին չկար` հիմնականում Թուրքիայի մեղքով: Այդուհանդերձ, Մանոյանի խոսքով, մտահոգիչ է նաեւ Հայաստանի իշխանությունների պահվածքը, համաձայն որի, դաշնակցական գործչի գնահատմամբ, թույլ է տրվում, որ ղեկը մնա Թուրքիայի ձեռքում:

ԵՄ-ի հետ ինտեգրման բանակցությունները, Մանոյանի դիտարկմամբ, բավականին արագ թափ են ստանում` թե Հայաստանի, թե ԵՄ շահագրգռվածության պատճառով: ԵՄ շահագրգռվածությունը Մանոյանը պայմանավորում է Եվրասիական միության հարցում Ռուսաստանի ակտիվությամբ:
ԵՄ-ն ցանկանում է դեպի իրեն ձգել այն երկրներին, որոնց նկատմամբ կա ակնկալիք Եվրասիական միությանը միանալու առումով, կարծիք հայտնեց Կիրո Մանոյանը:

Վերլուծաբանը նկատեց նաեւ, որ Հայաստան-Իրան հարաբերությունները 2012-ին շարունակեցին մնալ իբրեւ կարեւոր ուղղություն:

Ամփոփելով 2012-ը` Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ արտաքին քաղաքականության համար այն արտառոց չէր: Նրա ձեւակերպմամբ` արդյունավետ արտաքին քաղաքականության համար երկու կարեւոր հանգամանք կա, ինչը պայմանավորված է ներքին քաղաքականությամբ:

Բացի այդ, ըստ Մանոյանի, արդյունավետ արտաքին քաղաքականությանը կօգնի այն վարող գերատեսչությանը հավելյալ միջոցների տրամադրումը, ինչը, սակայն, նույնպես կախված է ներքին խնդիրներից` ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելուց, ինչի շնորհիվ միայն պետությունը հնարավորություն կունենա արտաքին քաղաքականությանը հավելյալ միջոցներ հատկացնել։

Թողնել պատասխան

Back to top button