ԿարևորՔաղաքական

Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ. Վազգեն Մանուկյանը իշխանության եւ ընդդիմության արանքում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր, ամփոփելով անցնող տարվա իր աշխատանքները, լրատվամիջոցներին խորհուրդ է տվել խանդի տեսարան չսարքել եւ Հանրային խորհրդին չտեսնել իշխանության կողքին: «Մենք գործում ենք իշխանության ու ընդդիմության արանքում»,- ասել է Մանուկյանը` միաժամանակ ներկա ընդդիմադիր ուժերին տալով գնահատական, թե նրանք այժմ խիստ անկազմակերպ են ու իրենց գործելաոճով երբեմն ցինիզմի են հասնում:

Տարեկան աշխատանքներն այսօր ամփոփելիս՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց նաեւ իր դիտարկումները քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Մանուկյանի համոզմամբ՝ Հայաստանում ժողովուրդը ընտրություններին ընտրության հնարավորություն չունի, այսօր քաղաքական դաշտն ամայի վիճակ է, իսկ այս ամենի սկիզբն, ըստ նրա, դրվել է դեռ 1996թ-ին:
«Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: 98-ին ժողովուրդը գիտեր` եթե դժգոհ է՝ ում է ուզում տեսել որպես նախագահի` Կարեն Դեմիրճյանին: 2008-ին ժողովրդի մի հատված կար, որն ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի էր տեսնում նախագահին, ինչքան էլ զարմանալի լինի»,-ասաց Մանուկյանը:
«Հիմա կա՞ մի մարդ, որին ժողովուրդն ուզում է, որ Սերժ Սարգսյանը չլինի նախագահ և նա դառնա: Ես չեմ տեսնում այդպիսի թեկնածուի: Ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունը չի առաջադրել, այլ Հայաստանի 2,5 միլիոն քաղաքացի: Թե ինչու չեն դնում` մի կողմ թողնենք: Ինքը տվեց իր պատճառաբանությունը, հիմա ճշմարիտ է, թե ոչ` չեմ ուզում քննարկել: 1995-96 թվականներին այնպիսի բարենպաստ պայմաններ երկիրը առաջ տանելու, նորմալ ընտրություններ կազմակերպելու համար, Հայաստանը չի ունեցել ու չի ունենա: Այն ժամանակվա իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանով վիժեցրեց այդ հնարավորությունը, մտանք այլ սցենարի մեջ ու շարժվում ենք դրանով»:
Վազգեն Մանուկյանը եզրակացնում է, որ այս ընտրություններին Սերժ Սարգսյանը կդառնա նախագահ ոչ թե այն պատճառով, որ կկեղծվեն ընտրությունները, այլ որ չկա մեկը, ում ժողովուրդը տեսնում է որպես փոխարինող: Իսկ դրանում մեղավոր է ճանաչում բոլորին՝ նախկին իշխանություններին և նաև ընդդիմությանը:

«Ո՞ւմ էր տեսնում ընդդիմությունը միասնական թեկնածուի դերում: Ընդդիմությունը ո՞ւմ էր ուզում առաջ հրել, ո՞վ էր այդՍասունցիԴավիթը, որ պետք է փրկեր Հայաստանը: Եթե ընդդիմությունն այդքան ցինիզմի է հասնում իր պրագմատիզմով, բա ի՞նչ էիք ուզում, ի՞նչ պետք է լինի այս երկրում»:

Դիտարկմանը, թե ո՞ր ընդդիմությունից Հայաստանի ժողովուրդը չի հիասթափվել, Արտաշես Գեղամյանի՞ց, երբ դեռ ընդդիմադիր թեւում էր, թե՞ Արթուր Բաղդասարյանից: Վազգեն Մանուկյանն ի պատասխան ընդգծեց, թե իր դիտարկումները ոչ թե մարդու դեմ են ուղղված, այլ երևույթի: Ապա ընդգծեց, որ քաղաքական դաշտում իրեն ճիշտ դրսեւորելու դեպքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դերակատարում ունենալ: «Հասարակությունն ինքն իրեն բաժանել է երկու մասի` սատանաների և հրեշտակների։ «Ովքեր ընդդիմության կողմնակիցն են` հրեշտակ են, ովքեր իշխանության` սատանաներ: Եթե Ջհանգիրյանին այն ժամանակ «բոբո» էին համարում, հիմա՝ հրեշտակ, քանի որ ընդդիմություն է»,- ասաց նա:

Մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում, ոչ մեկին չենք պարտադրում մեր որոշումները, խոսելով ՀԽ աշխատանքների մասին,  ասաց Մանուկյանը:
Արդյո՞ք այդ դեպքում ձեր աշխատանքն ինքնանպատակ չէ, իսկ ձեր որոշումները՝ երբեմն անտեղի եւ ուշացած.  «Ռադիոլուր»ի հարցին ի պատասխան` Հանրային խորհրդի նախագահը հիշեցրեց, որ հասարակական շատ նախաձեռնությունների մեջ իրենք կային, երբ պայքարում էին ամառային կինոթատրոնի համար, փակ շուկայի համար, որով դեռ իրենք մտահոգվում են: Մտահոգվում են Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի անխնա օգտագործմամբ:
Շատ հարցերի լուծումը թողնելով քաղաքացիական հասարակության զարգացմանը` Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ  իրենք գործում են իշխանության ու ընդդիմության արանքում:

Թողնել պատասխան

Back to top button