Հասարակություն

ԱԺ նախագահը պարգեւատրեց նաեւ «Ռադիոլուրի» թղթակցին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրաըամյանը այսօր խորհրդարանում հյուրընկալել էր  խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարներին: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ միջոցառմանը ներկա էին նաև բազմաթիվ պատգամավորներ:

Ողջունելով  հավատարմագրված լրագրողներին` ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանը ոչ միայն օրենսդիր բարձրագույն մարմնի գործունեության, այլ նաև համատեղ աշխատանքի վայր է:

«Վստահ եմ, որ ինչպես նախկինում, 2012 թվականին եւս մեր համագործակցությունը հաջողվել է, եւ, անկախ մեր տեսակետների ու քաղաքական դիրքորոշումների տարբերություններից, միշտ էլ կարողացել ենք կոռեկտության ու հանդուրժողականության, ողջամտության ու անկեղծության սահմաններում ազատորեն շփվել միմյանց հետ»։
Խորհրդարանի ղեկավարը ընդգծեց, որ միշտ էլ կողմ է համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտին եւ շարունակելու է ամեն ջանք գործադրել Ազգային ժողովում նման միջավայր ապահովելու համար, այդ թվում նաեւ՝ լրագրողների համար եւ լրագրողների հետ աշխատանքում:

Ըստ պարոն Աբրահամյանի՝ լրագրողներն ու լրատվամիջոցները քաղաքացիական հասարակության ձեւավորման ու կայացման առաջամարտիկներն են:

«Այս առումով հայաստանյան լրագրողական բազմանդամ ու ազդեցիկ ընտանիքը բացառություն չէ՝ նկատի ունենալով նրա ծանրակշիռ դերը պետության ու հասարակության կյանքում: Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ օրերս կայացած արտահերթ համագումարում, ընդգծելով լրագրողների հանդեպ ուժի կիրառումն արմատապես մերժելը եւ մարդկանց ազատ ընդդիմախոսելու իրավունքը, կուսակցության եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ «մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա»։
ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ լրագրողները կարողանում են խորհրդարանում ազատ իրացնել իրենց իրավունքներն ու մասնագիտական լիարժեք գործունեություն իրականացնել։

«Միաժամանակ, կարծում եմ, որ ո՛չ պատգամավորը, ո՛չ էլ լրագրողը չպետք է փորձեն միմյանց հակադրել իրենց աշխատանքն ու մարդկային հարաբերությունները: Ընդհակառակը՝ դրանք պետք է համադրվեն, մանավանդ որ մեր երկրի առջեւ ծառացած են մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք հաղթահարելը ոչ թե առանձին վերցրած քաղաքական գործիչների, լրագրողների կամ հասարակության այս կամ այն ներկայացուցչի գործն է, այլ՝ բոլորինս միասին»,- ընդգծեց Հովիկ Աբահամյանը:
Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ խորհրդարանի ղեկավարը մաղթեց լրագրողներին, որ նրանց աշխատանքը բխի միայն ու միայն երկրի ու ժողովրդի մասին մտահոգություններից եւ ազնիվ, անշահախնդիր մղումներից:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ, բարեխղճորեն եւ անաչառ լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված մի խումբ լրագրողներ պարգեւատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցով, այդ թվում և «Ռադիոլուրի» թղթակիցը՝ տողերիս հեղինակը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button