ԿարևորՀասարակություն

ԱԳՆ շենքը չի վաճառվի՝ կհանվի աճուրդի

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Ամանորը, թերևս,  լավագույն առիթն ու ժամանակահատվածն է, մարդկանց անակնկալ մատուցելու ու նրանց ցանկություններն  ի  կատար ածելու համար: Այս դեպքում, խոսքը հատկապես այն քաղաքացիների մասին է, ովքեր ամիսներ շարունակ անհանգստանում էին ԱԳՆ շենքի ճակատագրով:
Հիշեցնեմ, այն այս տարվա հոկտեմբերի 4-ին կառավարության որոշմամբ, այն վաճառվեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 
Այսօր  կառավարությունը որոշեց գույքն օտարել աճուրդով։ «Որպեսզի ոչ մի տեսակի մութ անկյուններ չմնան գործարքի մեջ, մենք որոշել ենք գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով գույքը օտարել աճուրդով»,- ասաց ԿԱ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը։
«Անակնկալ չէ, արտառոց բան չկա, քանի որ այս ընթացքւոմ նաև հասարակական պահանջ էր ձևավորվել»,- շարունակեց Արման Սահակյանը։ Նա հստակեցրեց, որ «Տանգո» ընկերությունը չի  հրաժարվել ԱԳՆ շենքից,  կնքվելու է  նախնական պայմանագիր՝  պայմանով, որ եթե աճուրդից հետո ձևավորվի ավելի բարձր գին տվող գնորդ, շենքը հենց նրան էլ կօտարվի:
Մամուլում լուրեր են շրջանառվում, համաձայն որոնց, Էդուարդո Էռնեկյանի բիզնեսը կապվում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  անվան հետ, ուստի և կառավարության որոշման պատճառներից մեկն էլ հենց դա է:
«Քաղաքական ենթատեքստով հարցադրում է, այդ դեպքում պետք է քաղաքական գործիչները պատասխանեն, բայց համենայն դեպս ընդհանրապես պարոն Էռնեկյանի բիզնեսն ու ԱԳՆ շենքի գործարքը քաղաքականության հետ չեն կապում»,- ասաց Արման Սահակյանը։
Գործադիր  մարմնի տարեվերջյան նիստի օրակարգում ընդգրկված էին բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Դրանք ներկայացվեցին ու հաստատվեցին՝ առանց որևէ բացառության:

Դե իսկ նիստի վերջում կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝  ծանր ու լարված տարվա ընթացքում համատեղ աշխատելու համար։

Կառավարության հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 10- ին։

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button