ԿարևորՏնտեսական

Ձեռքբերումները շատ են, խնդիրները՝ նույնպես. գյուղնախարարն ամփոփում է տարին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Գյուղատնտեսության ոլորտի տարեկան ցուցանիշերը դրական են, ձեռքբերումները` լուրջ, սակայն շատ են նաեւ խնդիրները, որոնք լարված աշխատանքներ են պարտադրում: Սա գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ամփոփ գնահատականն է անցնող տարուն:
Վերջին տարիները կայունացման շրջան էին գյուղատնտեսության համար, սակայն եկող տարիները պետք է լինեն արդեն զարգացման, ընդգծեց Սերգո Կարապետյանը:  Տարին բարենպաստ էր,  բնակլիմայական պայմանները չխանգարեցին նաեւ նախարարության ծրագրերին:
Չնայած նախարարության բոլոր ջանքերին` գյուղացիները դժգոհելու լուրջ առիթ, այնուամենայնիվ, ունեցան: Ռուսաստանից ներկրված եւ գյուղացիներին տրամադրված ցորենի սերմացուն սպասվածից խիստ ցածր արդյունք տվեց: Գյուղացիները կանգնեցին սերմացուն վերադարձնելու խնդրի առաջ:
Մեղքը գյուղացիներինը չէր, բայց նախարարությանն էլ չէր, ընդգծեց նախարարը: Չորային պայմաններն էին ցածր բերքի պատճառը: Խնդրի առաջ կանգնած գյուղացիներին գյուղապետարանները պետք է աջակցեն իրենց հնարավորության սահմաններում, ընդգծեց Սերգո Կարապետյանը:
Փոխարենը՝ լուծվեց խնդիրներից մեկ այլը: Հիշեցնեմ` Ռուսաստանը 3-4 ամիս առաջ արգելեց Հայաստանից ձկան արտահանումը` քայլը պատճառաբանելով անթույլատրելի մանրէների առկայությամբ: Խնդիրը հարթված է, ոչ մի կազմակերպության վրա երգելք չկա, հայտարարեց նախարարը։

Գյուղնախարարը խոստովանեց, որ այսօր Հայաստանում խիստ էական է սննդամթերքի անվտանգության ապահովումը: Այնպես չէ, որ ընդհանրապես չգիտենք, թե ինչ ենք ուտում, սակայն մեր արտադրողների թեթեւ ձեռքով երբեմն մեզ անորակ ապրանք է մատուցվում` կասկածելի ծագման:
Գյուղնախարարության  ծրագրերով` մինչև 2020թ-ը Հայաստանն ամբողջությամբ պետք է ապահովի, մասնավորապես, տավարի մսի սեփական պահանջարկը, «այս իմաստով կլինենք ինքնաբավ` խուսափելով գոմեշի մսի ներկրման հետ կապված խնդիրներից»:
Դրա համար դեռ լաբորատորիաներ պետք է բացվեն: Փորձաքննություններ կան, որոնք Հայաստանում ոչ մի տեղ դեռ չեն անցկացվում: Այս հարցում խոստացել է օժանդակել Համաշխարհային բանկը:
Այսօրվանից գյուղատնտեսության նախարարությունը հանել է կարանտինը, որը հայտարարված էր Գեղարքունիքի մի շարք բնակավայրերում` տոհմային տնտեսություններում սիբիրախտի տարածման պատճառով: Սակայն  սիբիրախտից տուժած գյուղացիական տնտեսությունները փոխհատուցում չեն ստանալու:
Կարապետյանը որոշումը պայմանավորեց կորուստների ոչ մեծ չափերով: Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է կենդանիների անկման 12 դեպք: Իսկ ընդհանրապես  անասնագլխաքանակն անցնող տարում ավելացել է երկրում: Այս տարվա դրական ցուցանիշերը նոր զարգացումներ են ենթադրում նաեւ եկող տարվա համար: Անասնապահական մթերքների ծավալները այդ հանգամանքից ելնելով կավելանան մի քանի տոկոսով:
Անցնող տարում ստացված առատ բերքի իրացումը ևս, ըստ ոլորտի պատասխանատուի, գոհացուցիչ արդյունքներ է արձանագրել: Գյուղացիներին ներկա դրությամբ մթերված գյուղմթերքի դիմաց պարտք են մնում երկու ընկերություններ, որոնք, նախարարի վստահեցմամբ, օրերս ամբողջապես կմարեն պարտքը:
Ոլորտի ամենաէական տարբերությունը նախորդ տարվա համեմատ Հայաստանից Իրան ոչխարների արտահանման կրճատումն էր: Այժմ գյուղնախարարությունը բանակցում է ոչ միայն Իրանի, այլեւ Իրաքի հետ` ոչխարաբուծության համատեղ ծրագրերի եւ ոչխարի արտահանման ուղղությամբ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button