Արդարադատության նախարարը գիտի ոլորտի խնդիրների լուծումը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեսնում է ոլորտի խնդկիրները և գիտի դրանց լուծման ուղիները: Ժամանակահատվածը, որից հետո միանգամայն այլ համակարգ ու յուրաքանրյուրին տեսանելի արդյունք է խոստանում, առաջիկա 4 տարիներն են:
«Այս տարի հաստատվեց 2012-2016 թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը հասցրել է կրել ամբիցիոզ անվանումը և որի իրականացումը առաջին հերթին իմ, նաև քաղաքական իշխանությունների պատվի խնդիրն է»:
2012-ին արդեն կան արդյունքներ, որոնցով արդարադատության նախարարը հպարտանում է: Խոսքն առաջին հերթին իրավաբանական անձանց գրանցման համակարգի կայացումն է: Համակարգի ներդրմամբ՝ հաշվված րոպեների ընթացքում առանց քաշքշուկի կարելի է իրավաբանական անձի գրանցում ստանալ:
Եթե առաջիկա 3-4 տարում հաջողվի համակարգը պրոյեկտել քաղաքացի-պետություն մյուս հարաբերությունների վրա, ապա դուք միանգամայն այլ պատկեր եք տեսնելու, լրագրողներին հավաստիացրեց Հրայր Թովմասյանը: «Գնա տեղեկանք բեր, որ քեզ տեղեկանք տանք իրավիաճակը փորձելու ենք ամեն տեղ բացառաել»,- ասաց:
Նախորդ տարվա ընթացքում ամենաշատը քննարկված և, նախարարի խոսքով, ամենախոցելի քրեակատարողական համակարգում արագ փոփոխություններ հնարավոր չեն: Խնդիրներից մեկի՝ գերբնակեցման լուծմանն է ուղղված հաջորդ տարվա ընթացքում 400-տեղանոց նոր քրեակատարողական հիմնարկի շահագործումը:
Դատական իշխանությունը, Հրայր Թվմասյանի գնահատմամբ, շարունակում է ոլորտի աքիլլեսյան գարշապարը մնալ: Բոլոր խնդիրներով հանդերձ նախարարն այստեղ դրական տեղաշարժեր է տեսնում: Որպես օրինակ՝ Մատաղիսի գործով արդարացման դատավճիռն է մատնանշում:
«Այն ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է դեմ գնալ մեղադրանքը պաշտպանող կողմին և այլ որոշում կայացնել»:
2013-ին պետք է լուծվի դատավորին ներկայացվող պահանջների, դատավորների առաջխաղացման չափորոշիչների հստակեցման հարցը: Դատական համակարգում բարեփոխումների չափորոշիչը լինելու են համակարգի անկախության և հասարակության առջև պատասխանատվության հստակ չափորոշիչները, որոնք ներդրումը նախարարը խոստանում է հաջորդ տարվա ընթացքում:
Իրավական թեմաներին հաճախ անդրադարձող և դրանք ուշադրության կենտրոնում պահող լրատվամիջոցներին արդարադատության նախարարը շնորհակալագրեր հանձնեց, դրանց հետ՝ դատապարտյալների ձեռքով պատրաստված հուշանվերները: Լրատվամիջոցների հետ համագործակցությունից Հրայր Թովմասյանը գոհ է՝ չնայած հաճախ քննադատություն ու ոչ հաճելի մեկնաբանություններ է լսել:
«Չեմ ասում, որ շատ հանգիստ եմ այդ ամբողջը տանում, կամ ոչ հայերեն բառով ասեմ՝ վեջս չի, այդպես չէ: Դրա մասին ե՛ւ մտածում ես, ե՛ւ պատահում է` գիշերը լավ չես քնում, գուցե հաճախ նաեւ աշխատանքն է տուժում, բայց չեմ պատրաստվում ձեզանից փախչել։ Սա է քաղաքական գործչի առօրյան»: