ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախարարությունը «մեծ ձկներ» է փնտրում

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ հանդիպել ու 2012թ կատարած աշխատանքներն է ամփոփել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարը նշել է, որ իրենց առջև դրված գրեթե բոլոր խնդիրները  կարողացել են լուծել:
Ոլորտը տարին սկսեց մեկ ղեկավարով, իսկ փակում է մեկ ուրիշով:
Հիշեցնենք, ԲՀԿ-ական  Հարություն Քուշկյանին փոխարինում է ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը, ով իր կայացրած հրամաններով ու որոշումներով փորձում է կոտրել հայերիս մեջ արմատացած համոզմունքներից հերթականը՝ առողջապահության ոլորտը ամենակոռումպացվածներից է:
Հանրապետության նախագահն անգամ  կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ նշեց, որ բնակչության մեկ երրորդը դժգոհ է համակարգի աշխատանքից:
Ավելին՝ նշվեց, որ պետք է բռնել խոշոր ձկների գլխից, այդ օրվանից շուրջ երեք ամիս է անցել, սակայն, առողջապահության նախարարությունում դեռ խոշոր ձկներ են փնտրում:
«Մեզ մոտ առողջապահության համակարգում դեռևս ուզում ենք հայտնաբերել այդ մեծ ձկներին, որպեսզի գլխից կարողանանք բռնել, բայց ես որևիցե խնդիր չունեմ, եթե կհատյնվեն նաև այս աշխատանքի ընթացքում մարդիկ, որոնք պարտաճանաչ չեն լինի իրենց գործառույթները կատարելիս՝ անկախ նրանից դա մեծ է, փոքր է։ Որևէ ներում դրանց նկատմամբ չի լինելու»:
Նախարարի հրամանով՝ այս տարվա դեկտեմբերի մեկից  հանրապետության բոլոր ծննդատները քաղաքացիներին պարտավոր են անվճար սպասարկել: Սա որպես պաշտոնական  հաղորդագրություն, իսկ իրականում գիտենք, թե ինչ է  կատարվում մեր երկրի առողջապահական հաստատություններում: Նախարարը վստահեցնում է, որ խիստ են լինելու ցանկացած դժգոհության դեպքում։

«Համակարգում արգելված է դրամահավաքությունը: Դա հրամանով կարգավորված, բոլոր ծննդատների տնօրենների հետ առանձին- առանձին զրուցել ենք, և եթե որևէ նման դեպք արձանագրվի, մենք խիստ միջոցներ կձեռնարկենք, իսկ խիստ միջոցներ ձեռնարկելու մենք ձևեր ունենք»,- ասում է նախարարը։

Գուցե դրամահավաքությունը առողջապահական հաստատություններում պայմանավորվածէ  նրանով, որ հատկապես միջին ու ցածր օղակների բուժաշխատողների աշխատավարձը ցածր է:  Հաջորդ տարվա հավանաբար երկրորդ կիսամյակում այս հարցն էլ ինչ-որ կերպ լուծում կստանա։
Դերենիկ Դումանյանն ասաց, որ  հատկապես պոլիկլինիկաների  աշխատակիցների աշխատավարձերը տասը տոկոսով կբարձրանան: Սա, ի դեպ, նախարարության 2013-ի գերակա խնդիրներից մեկն է:
Մինչ այդ՝ դեռ պետք է ուղիներ փնտրվեն, որպեսզի մարզերում առկա բժիշկների թափուր աշխատատեղերը լրացվեն.   մարզերում այժմ 259 բժշկի թափուր  հաստիք կա՝ հիմնականում պահանջվում են էնդոկրինոլոգներ, անսեթեզիոլոգներ, կարդիոլոգներ ու վիրաբույժներ:
Այս տարի 15 սիրիահայ  բժշիկ աշխատանքի է ընդունվել, նրանց մի մասն աշխատանքի է անցել հենց մարզերում:   Վերանորոգվել ու հաջորդ տարի էլ շարունակվելու են վերանորոգվել ու վերազինվել   հատկապես մարզային բժշկական կենտրոննեը:

Թողնել պատասխան

Back to top button