ԿարևորՔաղաքական

Թեկնածուների առաջադման փուլն սկսվել է առանց առաջադրումների. ԿԸՀ- ն տոն օրերին կաշխատի, ԿԲ- ն՝ ոչ

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Այսօրվանից մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման փուլը: Մինչև հունվարի 4-ը նախագահի թեկնածուները պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ բոլոր փոստաթղթերը: Այսօր առաջադրումներ դեռ չեն եղել, հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար ՀերմինեՀարությունյանը։
Մինչ առաջադրումը թեկնածուները պետք է դիմեին ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն` վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը ամանորյա տոնական և ոչ աշխատանքային օրերին հերթապահությամբ աշխատելու է`  նախագահի թեկնածուներին տեղեկանք տրամադրելու և անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով:

Թեկնածուները պետք է շտապեն ընտրական գրավը մուծելու հարցում` գրավի վճարման անդորրագիրը  առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացնելու համար:
Ինչո՞ւ շտապել, որովհետեև կենտրոնական բանկը, որտեղ բացված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին թեկնածուները պետք է փոխանցեն  գրավը, աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ի` ժամը 14.00-ը: Աշխատանքային սովորական ռեժիմի անցնելու է հունվարի 8-ից:
Այնպես որ, այն թեկնածուները, որոնք որոշել էին ընտրական գրավը փոխանցել տոնական այդ մի քանի օրերին, այդ հնարավորությունը չեն ունենա, գոնե առայժմ։ Փոփոխությունների մասին, եթե այդպիսիք լինեն խնդիրը լուծելու համար, կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Մերի Շահինյանը խոստացավ  տեղեկացնել լրացուցիչ:
Նոտարական ծառայությունները նույնպես չեն աշխատելու տոներին: Աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 29-նն է, մեզ հայտնեցին «Կենտրոն» տարածքային նոտարական գրասենյակից: Վերջինների  աշխատանքն անհրաժեշտ է ինքնաառաջադրվող թեկնածուներին:
Ընտրական օրենսգրքի համաձայն` ինքնաառաջադրման դեպքում քաղաքացին ներկայացնում է ինքնաառաջադրման մասին դիմում` վավերացված նոտարական կարգով: Այս հարցերը  Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խոստացան  պարզաբանել, բայց ավելի ուշ:
Մինչ այդ` հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին այս պահի դրությամբ հայտարարել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր. պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, նախկին դաշնակացական Հ ովիկ Աղազարյանը, կոմունիստ Ռոբերտ Ահարոնյանը:
Հիշեցնենք նաև, որ  նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ի ժամը 24.00- ը: Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, օրը, ընտրական օրենսգրքի համաձայն, ոչ աշխատանքային է լինելու:

Թողնել պատասխան

Back to top button