ԿարևորՏնտեսական

Զգուշացեք խաբեության «զեղչերից»

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանյան խանութները հաճախ խաբում եւ մոլորեցնում են սպառողներին իրենց հայտարարած զեղչերով: Դա հատկապես նկատելի է Ամանորի շեմին եւ հետամանորյա շրջանում: ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է քաղաքացիներին` չտարվել զեղչերով եւ տեղեկացնում` հերթական անիրական զեղչերն են հայտարարել «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութները` SMS-ներով եւ գովազդով խոստանալով 100 հազար դրամից մինչեւ 110 տոկոսի զեղչեր: 54-40-04-ն այն թեժ գծի հեռախոսահամարն է, որով սպառողները կարող են տեղեկացնել նման երեւույթների մասին, այսօր հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Ամանորի շեմին շատ խանութներ հայտարարում են ապրանքների գների իջեցման մասին, սակայն իրականում թանկացնում են դրանք, այն էլ` չհիմնավորված: Այն 28 ապրանքային շուկաներում, որոնք սոցիալական նշանակություն ունեն, սակայն նաեւ` բարձր կենտրոնացվածություն եւ գերիշխող դիրք, հանձնաժողովը գնային լուրջ փոփոխություններ չի արձանագրել:
Այս 2 օրերին փոքր գնային փոփոխություններ կան կաթնամթերքի շուկայում` «Աշտարակ կաթի» կողմից: Հանձնաժողովն այժմ ընկերությունից փորձում է պարզել` հիմնավորվա՞ծ է արդյոք թանկացումը: Մոտ 3 դրամով թանկացել է ձուն: «Կան շուկաներ, ուր գնի նվազում է նկատվում, օրինակ՝ ձիթապտղի, ոլոռի, շաքարավազի»,- ասաց Շաբոյանը:
Ամփոփելով անցնող տարին` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հիշեցրեց, որ վարույթներ ու խոշոր տուգանքներ եղան խոշոր ընկերությունների` «ՀԷՑ»-ի, «Հայաստանի երկաթուղիներ»-ի, «Արմենտել»-ի, «Հայփոստ»-ի հանդեպ: Խոշոր բացահայտումներ եղան պետգնումների ոլորտում: Պարզվեց, որ մի քանի հարյուր հիվանդանոցներ, մանկապարտեզներ, ծերանոցներ եւ մանկատներ իրենց վստահված գնումները կատարել են ըստ սեփական ցանկության եւ նախապայմանավորվածության: Այդ գործերից շուրջ 2 հարյուրն ուղարկվեց իրավապահ մարմիններին: Շաբոյանը խոստովանեց, որ արձանագրված խախտումներն ու չարաշահումները ոչ միայն տնտեսվարողների անբարեխղճության հետեւանքով են: Օրենքներում սողանցքերն են հաճախ հանգեցնում դրան: 25-3


Շաբոյանին գոհացնում են Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներն այն մասին, որ Հայաստանում գերիշխող դիրք ունեցողների ազդեցությունը շուկայի վրա էականորեն կրճատվել է. 43 կետով Հայաստանն առաջ է մղվել, ներքին շուկայում մրցակցությունը զարգացել: Սակայն դեռ բավականին հետին դիրքերում ենք. խոստովանեց Շաբոյանը: 25-4

Հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է դեղերի շուկայի վերջին թանկացումները: Շուրջ 2 տասնյակ անուն դեղերի գների առումով հանձնաժողովը անբարեխիղճ գործունեության առանձնակի տարրեր չի արձանագրել: Ուսումնասիրությունները շարունակվում են: Արտակ Շաբոյանն ընդգծում է, որ իրենց վարույթներն ու նիստերն արդեն այնքան են հաճախակիացել, որ իրավախախտ տնտեսվարողներն արդեն խուսափում են ներկայանել իրենց նիստերին, միայն թե չհայտնվեն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: 25-5

Ներկայացված ակտիվ աշխատանքներին զուգահեռ հիմնական խնդիրը, սակայն, մնում է այն, որ հանձնաժողովի բացահայտումները երբեմն շարունակություն չեն ստանում պետական համապատասխան այլ կառույցների կողմից: Մասնավորապես, սննդամթերքի շուկայում բացահայտումները դեպի Սննդի անվտանգության պետական ծառայություն ճանապարհի կեսին կորչում են: Դրա հետեւանքով էլ կաթնամթերքի, սուրճի, կարագի, թեյի եւ այլ շուկայում խախտումներ բացահայտելուց հետո հնարավոր չի լինում համոզված պնդել, որ դրանք արդեն վերացվել են:

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button