Հասարակություն

Ալկոհոլ օգտագործած վարորդները կպատժվեն նաեւ տոնական օրերին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 21-ից Ճանապարհային ոստիկանությունը ամանորյա տոների հետ կապված անցել է 24 ժամյա ուժեղացված ծառայության, այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Մայրաքաղաքի փողոցներում ճանապարհային ոստիկանների թիվը այս օրերին կրկնապատկվել է: Պատճառը՝  նախատոնական այս եռուզեռում ճանապարհային երթևեկության ինտենսիվության աճն է: Բացի դրանից՝ վերջին մեկ տարվա ընթացքում զգալի աճել է և ավտամեքենաների թիվը, փաստում է Արսեն Արշակյանը:

Այս օրերին ճանապարհային ոստիկանները ծառայելու են առանց հանգստի: Մասնավորապես՝ փոխգնդապետ Արշակյանը Նոր տարին դիմավորելու է Հանրապետության հրապարակում և հանձնելու է հերթափոխը միայն հունվարի 1-ի առավոտյան:

Տոնական այս օրերին ճանապարհային ոստիկանները բավականին խիստ են լինելու, նշեց նրանց հրամանատարը:

«Ալկոհոլ օգատագործած վարորդների նկատմամբ ներողամտություն չի լինելու: Յուրաքանչյուր վարորդ, ով ղեկին կնստի ալկոհոլ օգտագործած, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց։

Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ տարիների, այս պարագայում չեն տուժի ողևւորները: «Այդ ուղեւորներին ճանապարհային ոստիկանը կհասցնի նախատեսված տեղը, իսկ վարորդը կկրի վարչական պատասխանատվություն»։
Այս տարին նշանավորվեց տեխնիկական միջոցների լայն ներդրմամբ: Մեր երկրում այսօր գործում են 43 արագաչափեր, որոնցից 37- ը մայրաքաղաքաքում, ևս 35 երևանյան խաչմերուկ գտնվում է տեսահսկման տակ:
Ըստ ոստիկանի՝ արագաչափերը և տեսախցիկները բարձրացրել են վարաորդների զգոնությունը և նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Երեկվա դրությամբ մայրաքաղաքում տարեսկզբից տեղի է ունեցել 997 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում զոհվել 81 մարդ, վիրավորվել `1321:

Թողնել պատասխան

Back to top button