ԿարևորՏնտեսական

Ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն քիչ հավանական

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ հանդիպել ու անցնող՝ 2012 թվականն է ամփոփել ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարն ասել է, որ 2012թ պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն ու դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականին հարթ ու սահուն:
Ոլորտի պատասխանատուն ֆինանսական տարին բարեհաջող է բնութագրել ու կանխատեսել 7 տոկոս տնտեսական աճ ու գնաճի ցածր մակարդակ:
Անդրադառնալով գնումների ոլորտում առկա իրավիճակին ու տարվա ըթնացքում բացահայտված չարաշահումներին՝ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ հարցը գտնվում է հանրապետության նախագահի, վարչապետի, կառավարութան ուշադրության կենտրոնում։
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի չարաշահումները հնարավորինս նվազեն, ասում է նախարարը և  հույս հայտնում, որ 2013թ ունենալու ենք գնումների համապարփակ համակարգ:
էական  է նաև ներքին աուդիտի դաշտի ապահովումը, 2012 թ  պետական 52 կառավարման մարմիններում ու Երևանի քաղաքապետարանում ամբողջովին կազմավորվել են ներքին աուդիտի մարմինները, 2013-ից այլ համայնքներում ևս կներդրվի ներքին աուդիտի ինստիտուտը:
Ինչպես ամեն տարի, ֆինանսական վերահսկողության ոլորտը ծանրաբեռնված է աշխատել , ֆինանսական վերահսկողական տեսչությունը 62 ստուգում և 23 ուսումնասիրություն է իրականացրել , վեցը դեռ ընթացքի մեջ են:
«2012 թ. երեք գործեր ներկայացվել են գլխավոր դատախազությանը, որոնցից երկուսով հարուցվել են քրեական գործեր և արդեն իսկ ընթանում է քննությունը:  Ըստ իրավապահ մարմինների՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ տեսչության անցյալ տարվա նյութերով սոցիալական ապահովության պետական ծառայության գծով հարցաքննվել է 8190 անձ, որպես մեղադրյալ ներգրավված 51 անձանցից 28-ի վերաբերյալ։ Ինը քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ներկա դրությամբ քրեական գործով մեղադրյալները 16-են, որոնցից երկուսը հետախուզման մեջ է, 9 նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը»։
Գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ քայլեր իրականացվել են, սակայն, 2012թ Հայաստանում օտարերկյա ներդրումները կրճատվել են շուրջ 40 տոկոսով: Սա ֆինանսների նախարարը ժամանակավոր է համարում և վստահեցնում, որ հաջորդ տարի արդեն օտարերկյա ներդրումների էական աճ է արձանագրվելու:
Ֆինանսների նախարարը վստահ է, որ մի քանի տարի շարունակ շինարարության ոլորտում գրանցված անկումն ի վերջո հաջորդ տարի աճով է փոխարինվելու։ Ընդհանուր առմամբ՝ ֆինանսական տարին բարեհաջող էր։
«Մեր կանխատեսումներով՝ այս տարի կունենանք տնտեսական աճ, որը փոքր ինչ կգերազանցի իրական ՀՆԱ-ի աճը 7%-ով: Աճը կզուգակցվի ցածր գնաճով, մասնավորապես՝ 12- ամսյա գնաճը կլինի 4%, իսկ միջին գնաճը` 2.5%»:
Ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն քիչ հավանական:  Ֆինանսների նախարարի դիտարկմամբ՝ նոր ճգնաժամի ալիքի պատճառ կարող է հանդիսանալ Եվրոպայում պարտքային ճգնաժամի սրումը, ու դրա հետ կապված քաղաքական ու տնտեսական որոշ գործընթացներ, սակայն վերջին զարգացումներն այս առումով լավատեսության հույս են ներշնչում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button