ԿարևորՀասարակություն

Սփյուռքահայերը դարձել են առավել հայաստանակենտրոն, ասում է Հրանուշ Հակոբյանը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ադյունավետ է համարում 2012 թվականին իր գլխավորած գերատեսչության աշխատանքները: Նա  արձանագրել է, որ  նկատելի են դառնում  սկսված ծրագրերի արդյունքները, Հայաստան-Սփյուռք գործակցությունը տեղափոխվում է նոր մակարդակ, Սփյուռքն ավելի է համախմբվում Հայրենիքի շուրջ, և գնալով ավելանում է մեր մրցակցային առավելությունը։
Որպես կարևոր ձեռքբերումներ նախարար Հակոբյանը մատնանշեց նախարարության նկատմամբ վստահության աճը, բազմազան են դարձել համագործակցության ձևերը: Բացի դրանից՝ գրեթե կրկնապատկվել է ծրագրերին մասնակիցների թիվը, ընդլայնվել է երկրների աշխարհագրությունը:
Այս տարի առաջին անգամ համահայկական կառույցները նախարարության հետ համատեղ ծրագեր իրականացրեցին:

«Համագործակցությունը շարունակում է դինամիկ  կերպով զարգանալ՝ հենվելով նոր գործիքների, կառուցակարգերի և վստահության ամրապնդման վրա: Հայաստանի կայունությունը, զարգացման միտումները, երկրի միջազգային վարկի բարձրացումը նպաստում են Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը, սփյուռքահայերը ձգտում են դեպի Հայրենիք, առավել հայաստանակենտրոն են դարձել»,- ասում է նա։
Անցնող տարվա ընթացքում, ըստ նախարարի, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել հատկապես սիրիահայերի հիմնախնդիրները: Այսօր մեր երկրում հաստատվել են շուրջ 6000 սիրիահայ` 2000 ընտանիք: Աշխատանքի կարիք ունեցող շուրջ 700 մեր հայրենակիցների գրեթե կեսը Սփյուռքի նախարարության աջակցությամբ ապահովվել են աշխատանքով:

Այս տարի ՀՀ քաղաքացիություն է ստացել 14239 սփյուռքահայ, որոնցից 4465-ը ` սիրիահայ են:

Հրանուշ Հակլոբյանը անդրադարձավ և նախարարության գալիք տարվա ծրագրերին: Ըստ նրա՝ առանձին ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ Հայոց ցեղասպանութան և ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև այլակրոն հայերի հետ տարվող աշխատանքները:

«Հաշվի առնելով միտումը, որ բազմաթիվ այլադավան հայեր մկրտվում են Հայ Առաքելական եկեղեցում՝ շարունակվելու են նրանց հետ տարվող աշխատանքները: Նոր թափ են ստանալու Հայաստանում գտնվող սիրիահայերի ինտեգրման, հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ինչպես նաև իրաքահայերի ինտեգրման աշխատանքները»։
Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև և 2013 թվականի փետրվարի 13-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին, բայց ոչ թե որպես նախարար, այլ ՀՀ քաղաքացի: Նա ընդգծեց, որ մեր ապագան ժողովրդավարության խորացումն է, մարդու իրավունքների առավել պաշտպանությունը և հզորացումը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button