Քաղաքական

ՀՀԿ թեկնածուն իրական մրցակից չունի

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Հանրապետականը գալիք նախագահական ընտրություններից առաջ իրական մրցակից չունի»,- կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ում համոզմամբ այսօրվա դրությամբ արդեն կարելի է ասել, որ նախագահական ընտրությունները կանխորոշված են։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը, ըստ քաղաքագետի, փոփոխություն մտցրեց քաղաքական դաշտում, իսկ փոփոխությունը ներքաղաքական կյանքում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից հետո:
Առաջին անգամ քաղաքական հիմնական ուժերը ներկայացված են խորհրդարանում և փողոցում չեն, ինչը զգալի առաջընթաց է։ Քաղաքագետի կարծիքով՝ փողոցային ակտիվություն կլինի, սակայն դա չի լինի 2008 թ. ակտիվությունը:

«Զանգվածային դժգոհության ալիք հնարավոր է կազմակերպել, երբ զանգվածային անարդարության զգացում կա: Բայց քանի որ նման բան դժար թե լինի, ուստի քիչ հավանական են նման ակցիաները»,- ասում է նա։
Ի՞նչ քայլեր կարող է անել ՀԱԿ և, ըստ այդմ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր ներքաղաքական դաշտում: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի պարզաբանմամբ 3 տարբերակ կարող է լինել :

ՀԱԿ-ը կարող է թեկնածու չառաջադրել նախագահական ընտրություններում, կարող է առաջադրվել Լևոն Տեր-Պետրոսյանը,  և երրորդ տարբերակը՝ կարող է լինել մի որևէ այլ թեկնածուի առաջադրումը և այս դեպքում ՀԱԿ-ի քիչ ձայներ հավաքելը կարող է նորման ընկալվել։
«Լեւոն Տեր- Պետրոսյանը նշանակալի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչ է և հավաքել որոշակի քանակությամբ ձայներ նրան ավելի հեշտ կլինի, քան որևէ այլ մեկին: Եվ քանի որ նա կշիռ ունեցող, լուրջ քաղաքական գործիչ է, ապա 10- 12 տոկոս ձայներ հավաքելն այդքան էլ լավ չէ»:

Քաղաքագետը չբացառեց, որ ՀԱԿ- ի այլ թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը: Ամեն դեպքում՝ նրա կարծիքով՝ ՀԱԿ-ում որոշումը մեկ մարդ է կայացնում և դա Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Թողնել պատասխան

Back to top button