ԿարևորՏնտեսական

Հարկային փոփոխությունները մտահոգում են ՏՏ ոլորտին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Եկող տարեսկզբից հարկային համակարգում խոշոր փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես` պայմանավորված աստիճանաբար կենսաթոշակների կուտակային համակարգին անցնելու ծրագրերով` կներդրվի եկամտային հարկ, որը կփոխարինի սոցիալական վճարին և եկամտահարկին:
Հունվարի 1-ից կներդրվի նաեւ նոր` շրջանառության հարկ, որը ԱԱՀ-ին և շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է: Պատասխանատուներն այդ փաթեթին վերագրում են գործարար միջավայրի բարելավման նպատակը: Փոփոխությունների հեղինակները խոստանում են թեթեւացնել հարկային մի շարք գործընթացներ` փոխարենը հարկատուներից պահանջելով ավելի ազնիվ լինել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող շուրջ 4 տասնյակ ընկերությունների խնդրանքով ՊԵԿ-ն այսօր կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում` պատասխանելու սպասվելիք փոփոխություններին առնչվող հարցերին եւ դրանց հարուցած մտահոգություններին:
Փոփոխությունները խիստ լայնածավալ են, ուստի դրանք մանրամասնելու կարիք իրոք կա, գտնում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Կան նաեւ մտահոգություններ։
«Եկամտային հարկի ներդմամբ պայմանավորված` պետք է պրոգրեսիվ սանդղակ կիրառվի. որքան աշխատավարձերը բարձր, այնքան` ավելի բարձր հարկերը: Մեր ոլորտում աշխատավարձերը բարձր են: Դրանք պետք է մոտ լինեն միջազգայինին, որպեսզի աշխատողները Հայաստանից «չփախչեն»: Մենք աշխատում ենք բաց դաշտում, իսկ լրացուցիչ հարկումը կարող է ստիպել մարդկանց եկամուտների իրական չափը ստվերել»,- ասում է նա:

Բարձրացված խնդիրներին ու մտահոգություններին լուծումներ փնտրելու եւ պատասխան տալու համար ՊԵԿ-ը դեռ քննարկումներ ու նման հանդիպումները շարունակելու է: Իր առաջարկներով օրեր առաջ ՊԵԿ-ին էր դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը` տնտեսվարողների անունից հորդորելով հունվարի 1-ից ուժի մեջ մտնելիք փոփոխությունները փոքր-ինչ ավելի ուշ կյանքի կոչել, որպեսզի մարդիկ հասցնեն նախ տեղեկանալ, ապա պատրաստվել փոփոխություններին: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ այդ առաջարկները հաշվի են առնվել:

Թողնել պատասխան

Back to top button