ԿարևորՏնտեսական

Բնակչության 95 տոկոսն արդեն գիտի ֆինանսական հաշտարարի մասին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Չորս տարի Հայաստանում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ղեկավարած Փիրուզ Սարգսյանը վերանշանակվել է իր պաշտոնում: Մեր երկրի առաջին ֆինանսական հաշտարարը ֆինանսական կազմակերպությունների դեմ քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները կշարունակի քննել եւս 4 տարի:
Այսօր նա նշեց, որ այս տարիների ընթացքում ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված շուրջ 3100 բողոքների 68%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների:
Կենտրոնական բանկը 4 տարի առաջ` 2009թ. պարզել էր, որ հարցվածների ընդամենը 12 տոկոսն է լսել հաշտարարի մասին եւ միայն մեկ երրորդն էր պատկերացնում, թե ինչով է զբաղվում գրասենյակը:
2011-ի նմանատիպ հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 95 տոկոսն արդեն գիտի հաշտարարի գրասենյակի մասին եւ պատրաստ է դիմել, եթե բանկերը, ապահովագրական ընկերությունները, գրավատները եւ վարկային կազմակերպությունները ոտնահարեն իրենց իրավունքները:
Փիրուզ Սարգսյանը հիշում է, որ ժամանակին այդ խնդիրները շատ ավելի լուրջ էին: Հաշտարարն անգամ դեպք է քննել, երբ բանկը քաղաքացու գրավադրած տունը վաճառել է` առանց անգամ տիրոջը տեղեկացնելու:
Հարցը, իհարկե, հաջողվել է լուծել հօգուտ քաղաքացու: Սակայն շատ են լինում նաեւ զավեշտալի եւ սխալ հասցեագրված դիմումները: Համակարգի հաշտարարը շատ է աշխատում հայերի իրազեկման եւ անգամ մտածելակերպի փոփոխության ուղղությամբ: Համաշխարհային բանկի մասնագետներին անգամ զարմացրել է գրասենյակի աշխատաոճը, ասում է Փիրուզ Սարգսյանը։
Իր գործունեության ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը զբաղվել է նաեւ սպառողների կրթման ծրագրերով, թեպետ դա ամենեւին էլ չի մտնում նրա պարտականությունների մեջ: Սակայն փորձը ցույց է տվել, որ ֆինանսական կառույցների հետ խնդիրները շատ հաճախ հենց չիմացությունից են ծագում:
Օրինակ` շատ են դեպքերը, երբ քաղաքացին բողոքում է բանկից, սակայն այդ նույն բանկի հետ ինքն է կնքել խնդրահարույց պայմանագիրը` առանց կարդալու անգամ այն: Մարդիկ հիմա ավելի իրազեկ են եւ ավելի վստահությամբ են դիմում ֆինանսական հաշտարարին, որի ծառայությունները, ի դեպ, անվճար են:
Փիրուզ Սարգսյանն արձանագրում է, որ այս տարի զգալիորեն ավելացել են պետական աշխատողներին տրամադրված սոցիալական փաթեթի եւ ԱՊՊԱ-ի հետ կապված դիմում-բողոքները: Քաղաքացիներն այս տարի ամենաշատը բողոքել են ապահովագրական ընկերություններից: Նրանց դեմ ուղղված շուրջ 400 բողոք քննության է ընդունվել: Համեմատաբար շատ ավելի քիչ են բանկերից ստացված բողոքները։

Թողնել պատասխան

Back to top button