Տնտեսական

2013-ը եւս կսկսվի հարկային լայնածավալ փոփոխություններով

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Եկող տարեսկզբից հարկային համակարգում խոշոր փոփոխություններ են սպասվում: Մասնավորապես` պայմանավորված աստիճանաբար կենսաթոշակների կուտակային համակարգին անցնելու ծրագրերով` կներդրվի եկամտային հարկ, որը կփոխարինի սոցիալական վճարին և եկամտահարկին: Հունվարի 1-ից կներդրվի նաեւ նոր` շրջանառության հարկ, որը ԱԱՀ-ին և շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է: Պատասխանատուներն այդ փաթեթին վերագրում են գործարար միջավայրի բարելավման նպատակը: Փոփոխությունների հեղինակները խոստանում են թեթեւացնել հարկային մի շարք գործընթացներ` փոխարենը հարկատուներից պահանջելով ավելի ազնիվ լինել:

2013-ը եւս սկսելու ենք հարկային լայնածավալ փոփոխություններով: Դրանցից առաջինը ենթադրում է Հայաստանում շրջանառության հարկի ներդրում: Կփոխարինի նախ ներկայում գործող շահութահարկին, ինչը տարբեր գնահատականներով ծախսատար է բիզնեսի համար. այսօր ՓՄՁ սուբյեկտները, կախված իրենց իրացման շրջանառությունից, շուրջ 17.2 տոկոս բեռ են կրում հաշվապահական ծախսերի գծով: Շրջանառության հարկը առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից պետբյուջե վճարվող ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող ուղղակի հարկ է: Շրջանառության հարկ վճարողներ են համարվում անձինք, որոնց շրջանառությունը նախորդ տարվա գործունեության բոլոր տեսակների մասով չի գերազանցել 30 մլն դրամը: Միաժամանակ, սակայն, շրջանառության հարկ վճարողների համար կկասեցվեն ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկային oրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

Սպասվելիք հարկային փոփոխություններն այնքան սարսափելի չեն, որքան պատկերացում է ձեւավորվել հատկապես փոքր եւ միջին տնտեսվարողների մոտ: Նրանց առաջին հերթին սպասվում է պարզ ընթացակարգերի սահմանում` կրճատելով նրանց կողմից հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների քանակը եւ ներկայացման պարբերականությունը, ընդգծեց բանախոսը: Ֆինանսների նախարարության պետական եկամուտներւի քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանի ներկայացմամբ` խոշոր փոփոխություն է սպասվում նաեւ շահութայարկի մասով: Ըստ այդմ` հայրենի կառավարությունը արտոնություններ է սահմանում բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք 2013 թվականից սկսած կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրեր կյանքի կկոչեն եւ աշխատատեղեր կստեղծեն:

«Օրենքով նախատեսված է, որ նոր ստեղծվող աշխատատեղերի շրջանակներում աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձը աշխատատեղի ստեղծման եւ դրան հաջորդող 3 տարվա ընթացքում կնվազեցվի տվյալ կազմակերպության կողմից վճարվող շահութահարկի գումարից: Այսինքն` ստացվում է, որ նոր աշխատատեղերի համար վճարվող աշխատավարձն այդ 3 տարիների ընթացքում պետությունը վերցնում է իր վրա»:

Ընդ որում` նշված արտոնությունները չեն տարածվում ֆինանսական ռւ առեւտրի ոլորտների վրա: Փոխարենը որեւէ սահմանափակում չկա` այդ աշխատատեղերը կստեղծվեն տեղական թե արտասահմանյան ձեռնարկությունների կողմից:
Հարկային ոլորտում փոփոխություններից մեկն էլ կատարվելու է Հայաստանում շշալցված արտադրանքի թողարկման իրական ծավալների բացահայտման նպատակով: Հարկային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով որոշ ապրանքների համար կսահմանվի պարտադիր պիտակավորման պահանջ: Ըստ այդմ` 2013թ.-ից Հայաստանում շշալցված արտադրանքի բոլոր տեսակները` գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ և ջուր, պետք է համապատասխան դրոշմապիտակ ունենան:

Միաժամանակ դրոշմապիտակի համար վճարվող գումարը համարվելու է ԱԱՀ տեսքով իրականացված կանխավճար, որը հաշվանցվելու է ապագայում կուտակվող պարտավորությունների դիմաց: Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել հարկային փոփոխությունների խոշոր այդ փաթեթը: Այն պետք է դրվի խորհրդարանի արդեն արտահերթ նիստի քննարկմանը: Ի դեպ` այս փոփոխություններն այնքան ընդդիմախոսներ չունեն, որքան ունեցան այս տարեսկզբից ուժի մեջ մտնող փոփոխությունները:

Թողնել պատասխան

Back to top button