ԿարևորՔաղաքական

ՕԵԿ-ը կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր կայացած 11-րդ արտահերթ համագումարում «Օրինաց երկիր» կուսակցությունը վերահաստատեց` 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետկան կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու վերաբերյալ որոշումը: Ի դեպ, ՕԵԿ-ի համագումարին ներկա էին երկրի նախագահը վարչապետը և ԱԺ նախագահը:

ՀՀ օրհներգի ներքո իր աշխատանքները սկսեց ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարը` 2243 պատվիրակների մասնակցությամբ: Համաժողովի օրակարգի գլխավոր հարցը`2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշման մասին էր: Այստեղ ՕԵԿ-ը վերահաստատեց կոալիցիոն հուշագրով իր ստանձնած պարտավորությունը` սատարել Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետկան կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այս որոշումը արժանացավ ներկաների բուռն ծափահարություններին:

ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ներկայացրեց կուսակցության հայտարարությունը, ըստ որի այս քաղաքական ուժը պատասխանատվություն է ստանձնում համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանավույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում:
Աջակցելով արդար, ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը, ՕԵԿ-ը շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի և վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները և արդյունավետ իրականացնել ՕԵԿ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը:

Ի դեպ, ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններից հետո կատարել է «կուսակցական շարքերի մաքրում» և այժմ ներկայանում է թարմացված կազմով: Ըստ ՕԵԿ-ի գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանի, այժմ ՕԵԿ անդամ են հանդիսանում 71318 մարդ: Համագումարում ելույթով հանդես եկավ ՕԵԿ նախագահ, Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Անդրադառնալով համագուրին ներկա ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության սատարելուն, ՕԵԿ առաջնորդը ընդգծեց, որ այդ հարցում կուսակցությունը հետևողական է:
Ըստ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում և օրենսդիր դաշտում` հեղինակելով բազմաթիվ նախաձեռնություններ:

Թողնել պատասխան

Back to top button