ԿարևորՀասարակություն

Հաստատվել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագիրը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագիրն ու միջոցառումների ցանկը: Ծրագրի նպատակը ժողովրդագրական միջոցառումների շնորհիվ բացասական միտումները կանխելն ու իրավիճակը կայունացնելն է: Ըստ պաշտոնական վիճակագրության, որն ի դեպ, ներկայացված է փաստաթղթում, վերջին 23 տարիներին Հայաստանում ծնունդները նվազել են շուրջ երկու անգամ: Կառավարությունը ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկը համարում է ամուսնությունների` դեռևս ոչ բավարար մակարդակը:

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրով նախատեսվում է ապահովել ծնունդների աճ, կրճատել վաղաժամ մանկամահացության և մայրամահացության ցուցանիշը, կատարելագործել ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտը, կարգավորել միգրացիոն գործընթացները: Նախատեսվում է 2013-ին շարունակել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նյութական խրախուսման տարբերակված մոտեցումը՝ միանվագ նպաստի չափը պահպանելով 430.000 դրամ:

Կառավարության որոշմամբ՝ 2013 թվականի հունվարի մեկից Երևանի Զատիկ մանկատունը կոչվելու է Զատիկ երեխաների աջակցման կենտրոն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ ևս մեկ մանկատուն վերափոխվում և վերակազմավորվում է՝ իրականցանելով երեխաների ժամանակավոր ցերեկային խնամք: Մշակութի և պաշտպանության նախարարներն այսօր ներկայացրել են այս տարվա առաջին 9-ը ամիսների՝ իրենց ոլորտների հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվություններ:

Թողնել պատասխան

Back to top button