ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերը Ռուբեն Հակոբյանը նախագահական ընտրություններում մեծ է գնահատում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը ունի բոլոր հնարավորությունները առաջիկա նախագահական ընտրությունների միասնական թեկնածու դառնալու: Ժառանգության փոխնախագահի խոսքով` ինքը չի ասում, թե ընդդիմության համախմբումը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հնարավոր է, բայց կան ուժեր, որոնք ուզում են համագործակցել: Ըստ Ռուբեն Հակոբյանի` ընդդիմությունը պետք է մտածի` ինչպես անի, որ ընդդիմադիր ընտրազանգվածը կարողանա պահել իր կողքին: «Ընդդիմադիր հնարավոր որեւէ դաշինք պիտի համոզիչ լինի ժողովրդի համար»,-շեշտել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահը: Ընդդիմադիր դաշտում միավորման փորձերը հենց ընդդիմադիրների խնդիրն է համարում ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Բաբուխանյանի ձեւակերպմամբ, սակայն, ընդդիմության վիճակն այնքան թշվառ է, որ երկու ուժերի ներկայացուցիչներ միմյանց չեն բարեւում, իսկ նման պայմաններում համախմբման մասին խոսելն անիմաստ է:

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը միասնական թեկնածուի մասին երբեք չի խոսել: Ասաց` ոչ նրա համար, որ դա ցանկալի չէ:  Բանախոսի ձեւակերպմամբ, փաստորեն, միասնական թեկնածուի հարցը շահարկվեց: Մինչդեռ. «Ավելի շատ ընդդիմությունը պետք է մտածեր իր ձայները պահպանելու մասին, որպեսզի երկրորդ փուլի հնարավորություն ստեղծվեր»։ Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ միասնական թեկնածուի փնտրտուքները հանգեցրին այն բանին, որ աղճատվեց ընդդիմադիր դաշտի բնականոն զարգացումը: Այդ ամենը, Ժառանգության փոխնախագահի ձեւակերպմամբ, սկսվեց «կոնսենսուս մինուս մեկ» քաղաքական թերի բանաձևով եւ հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ: «Դրանց արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք, որով այսօր չեմ կարող ուրախանալ»,-շեշտեց Ռուբեն Հակոբյանը:

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, սակայն, նախագահական ընտրություններում մեծ է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերը:  «Այս նախընտրական փուլում ընթանում են բարոյական ու քաղաքական գործընթացներ։ Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակապես չի մասնակցել այդ ստվերային գործընթացներին, որովհետև ամենատարբեր տեղերում ամենատարբեր գործիչներ տարբեր խաղեր էին տալիս։ Գրեթե մեկ ամիս առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատեց, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին, և ոչ մի անգամ չթաքնվեց ստվերային կուլիսների հետևում ու չսպասեց, թե ով կառաջադրվի կամ չի առաջադրվի»:

Ստվերը նախընտրական շեմում աղճատեց քաղաքական քարտեզը` հավելեց Ռուբեն Հակոբյանը: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշին, ապա Ժառանգության փոխնախագահի խոսքով` մեր քաղաքական դաշտում պակասում են այն գործիչները, ովքեր իրենց կեցվածքով բարոյականություն են բերում եւ այդ առումով Ժառանգությունը մեծ հաջողություն է ունենալու, քանի որ ընտրողը գնահատելու է նաեւ հենց այդ հատկությունը: Միաժամանակ` Ռուբեն Հակոբյանը ճիշտ է համարում, որ ընդդիմությունը կարողանա համագործակցել: Նա նաեւ հայտարարեց, որ այսօրվա քաղաքական դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա միասնական թեկնածու։

Ռուբեն Հակոբյանը բացառեց բոյկոտը: Ասաց, որ քաղաքականության մեջ ընդհանրապես  դեմ է բոյկոտին։ «Եվ այդպիսի բան չի էլ լինելու։ Կգտնվեն մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր այդ բոյկոտը խեղկատակության կվերածեն։ Չեմ էլ նկատել նաև, որ մի լուրջ քաղաքական գործիչ խոսի որևէ բոյկոտի մասին։ Եթե լուրջ ուժերը հավաքվեն ու քննարկեն` հնարավոր համարում եմ, սակայն հրապարակային նետած ասեկոսեները լուրջ չեմ ընդունում»:

Թողնել պատասխան

Back to top button